Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի “վարչապետական” բացահայտումները

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրահավաքներին չեմ անդրադառնա…Բայց այս օրերի ընթացքում տեղի ունեցան շատ հետաքրքիր բացահայտումներ,որոնց հեղինակը ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանն է…
Ապրիլի 17-ին,երբ ԱԺ-ում տեղի էր ունենում ՀՀ վարչապետի ընտրությունը և ՀՀԿ-ի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին,շատ զարմանալի բաներ բացահայտվեցին ՀՀ-ն 10 տարի նախագահի պաշտոնում ղեկավարած Սերժ Սարգսյանի կողմից…
Պարզվում է,ըստ ՀՀ նորընտիր վարչապետի,Հայաստանում այսօր շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը, դժգոհ է ամեն ինչից…Այո՛,այս մտքի,այսինքն` թվի հեղինակը հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է…Հետաքրքիր է,ի՞սկ եթե այդ թիվը բարձրաձայնում է իշխող կուսակցության ղեկավարը,ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն փաստը,որ ընդամենը մեկ տարի առաջ նույն այդ դժգոհ մարդիկ,որոնք,ըստ Ս.Սարգսյանի, կազմում են բնակչության 60 տոկոսը և ամեն տարի ցույցեր են արել իշխանությունների դեմ,մասնակցելով ԱԺ հերթական ընտրություններին` իրենց ձայները տվեցին իրենց կողմից չսիրված և չընդունված մի ուժի…Ըստ Ս.Սարգսյանի` պարզվում է,որ կամ մեր հասարակությունը սադոմազոխիստ է,որ, դժգոհ լինելով ՀՀԿ-ի իշխանությունից, գնաց և ձայն տվեց այդ կուսակցությանը, որը կարող է առանց ՀՅԴ-ի հետ շինծու կոալիցիաների միանձնյա իշխանություն ձևավորել,կամ էլ ՀՀ արդեն նախկին նախագահը միամիտ բացահատեց,որ 2017 թ-ի ԱԺ ընտրությունները կեղծված են և ընդամենը մեկ տարի անց հասարակության մի ստվար զանգված ուղղակի ըմբոստացել է,որն,ի դեպ,շատ մեծ զարմանք է առաջացրել Ս.Սարգսյանի մոտ…Ըստ ՀՀ նախկին նախագահի և նորընտիր վարչապետի` պարզվում է նաև,որ ՀՀԿ-ի իշխանությունից դժգոհները չպետք է ըմբոստանան…Շատ զարմանալի տեսակետ է…
ՀՀ նախկին նախագահը նաև չանդրադարձավ սարսափելի և վտանգավոր չափերի հասնող արտագաղթին…Ըստ անկախ տվյալների` Ս.Սարգսյանի 10 տարվա նախագահության տարիներին Հայաստանը լքել է 400 հազար մարդ՝տարեկան 40 հազար…Այսինքն`ամեն տարի Հրազդան քաղաքի բնակչության չափ մարդ լքել է ՀՀ-ն…Ս.Սարգսյանը, մեկնաբանելով արտագաղթի պատճառները, հայտարարեց.”Կան գործոններ, որոնք ներկայացնելը նպատակահարմար չէ…”: Ս.Սարգսյանի կողմից չբարձրաձայնված գործոնների մասին ժողովուրդը շատ լավ տեղյակ է…Ասեմ,որ դա ոչ միայն աղքատությունն է,այլ ավելի շատ բեսպրեդելը, կաշառակերությունը,հովանավորչությունը, անպատժելիությունը, լկտիությունը, որոնք սարսափելի արմատավորվել են Հայաստանում և արդեն մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականությանը…5 հավ կամ 5 հազար դրամ գողացողին Հայաստանում կարող են մի քանի տարով բանտ ուղարկել,սակայն 500 միլիոն դրամ գրպանողի հանցագործությունները բացահայտողներին կարող են գործից ազատել,որովհետև գողն ու թալանչին ՀՀԿ-ական է,նրա հանցաքները բացահայտել չի կարելի…Այ՛,հենց այս պատճառով են մարդիկ հեռանում երկրից…
Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցից էլ կառանձնացնեմ Սերժ Սարգսյանի այն անկեղծացումը,որ նրա կառավարման տասը տարիներից ընդամենը մեկն է՝2017 թ-ն է,որ անցնցում է եղել…Իսկ դա ապացուցում է այն,որ ՀՀ ղեկավարության և հասարակության միջև անջրպետը շատ մեծ է՝նրանք չեն հասկանում իրար,որի արդյունքում էլ ամեն տարի տեղի են ունենում ցնցումներ,որոնք բացասաբար են ազդել բնակչության և երկրի վրա…Այդ ամենի համար պատասխանատու է իշխանությունը,որը չի հասկանում,իսկ ավելի ճիշտ է ասել,ձևացնում է,որ չի հասկանում հասարակության պահանջները…
Դե, Փարիզի և Երևանի տրանսպորտային համեմատություններին էլ չեմ անդրադառնա…Ինչպես կասեն գյումրեցիները՝ “Դրանք տարբեր են ինչպես Մասիս սարն ու էշ Մանուկի դարը”…
Հ.Գ.Ի դեպ,պարոն Սարգսյանը նաև հիշատակեց ինչ-որ “բզբզացողների”…”Բզբզացողներ” բոլոր երկրներում էլ կան,այդ թվում նաև շատ բարեկեցիկ…Դա շատ նորմալ է քաղաքականության մեջ… Եթե ՀՀԿ-ի և հասարակության միջև անդունդն այդքան խորը չլիներ, այդ “բզբզացողներին” չէր հաջողվի ընդամենը 4-5 օրվա այդքան ժողովուրդ դուրս բերել փողոցներ…Խնդիրն այլ տեղում է…