Search
Close this search box.

Նախագահ Արմեն Սարգսյանը մտահոգ է ստեղծված վիճակով և կողմերին երկխոսության կոչ է անում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն հայտնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:

«Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցուցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի:

Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը և նրա մեծամասնության ձևավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու և հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը:

Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները և ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»,- ըաստ նախագահի մամուլի ծառայության, հայտարարել է Արմեն Սարգսյանը: