Search
Close this search box.

Ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հնարավոր է՝ առաջիկա օրերին ժամանի Երևան՝ Նիկոլ Փաշինյանի կոչով

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Մենք կապ հաստատեցինք ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանի հետ, ով, հիշեցնենք, ևս Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» խմբի անդամների հետ որպես դիտորդ հետևում էր 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։ «Նախ` թույլ տվեք ասել, որ բոլորս, անկախ նրանից, թե որքան հեռու կամ մոտ ենք, ամբողջ hոգով մեր ժողովրդի հետ ենք»,- նշեց կինոռեժիսորը։ Ի պատասխան հարցի, թե պատրաստվում է արդյոք Նիկոլ Փաշինյանի կոչով գալ Հայաստան և մասնակցել ընդդիմության շարժմանը, Նազարյանը պատասխանեց․ «Ես այժմ շատ խիտ գրաֆիկ ունեմ, Ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» իմ նոր ֆիլմի նկարահանումների հետ կապված՝ Ստամբուլում և Հորդանանում: Ես փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի մի քանի օրով գամ Հայաստան (շաբաթվա վերջին կամ երկուշաբթի) և ամպայման կմասնակցեմ: Ես չեմ կարող գալ ավելի շուտ, քանի որ ունեմ պարտավորություններ, որոնք ես մի քանի ամիս առաջ էի ստանձնել»: Կինոռեժիսորն ընդգծեց, որ ինքն ու ընկերները հայտնել են իրենց համերաշխությունը ցուցարարներին՝ Ֆեյսբուքյան և Ինստագրամի գրառումներում: «Ես կավելացնեմ ևս մի քանի միտք, որ կցանկանայի կիսել իմ սիրելի ժողովրդի հետ։ Արդեն 27 տարի է, ինչ անկախություն ենք հռչակել և Հայաստանը տառապում է անվերջ ներքին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոթորիկների պատճառով, իշխանության ներկայացուցիչները բազմիցս չեն կատարել ամենակարևոր և հիմնական պարտականությունները, որոնք ցանկացած կառավարություն պետք է կատարի իր հանրության բարօրության, առողջության և իր ժողովրդի ապագայի համար։ 27 տարվա ընթացքում (և նույնիսկ դրանից առաջ), Սփյուռքը ակտիվ ներգրավված է եղել Հայաստանի և նրա ժողովրդի համար ներդրումներ անելու գործում, սակայն իշխանությունները սփյուռքին երբեք թույլ չեն տվել մասնակցել քաղաքական նշանակալից գործընթացներին: Սփյուռքը, ցավոք, չի կարող լինել Հայաստանի փրկիչը, այո, մենք կարող ենք ձեզ հետ միասին գնալ և ձեզ հետ լինել հոգով և համերաշխությամբ, բայց Հայաստանի պայքարը և հաղթանակը, ինչպես նաև փրկիչները, խիզախ ուսանողներն են, Հայաստանի քաղաքացիներն են, որոնք քայլում են փողոցներով՝ ամեն օր ավելի բազմամարդ դառնալով: Անցյալ շաբաթվա ընթացքում, Հայաստանի խիզախ և գեղեցիկ երիտասարդությունը նաև մայրեր, հայրեր, դուստրեր, որդիներ և երեխաներ հավաքվել էին, որպեսզի պահանջեն վերջ տալ վիշապային այս ռեժիմին, որը ամրապնդում է նախկին նախագահի և այսօրվա վարչապետի իշխանությունը: Նրանք ենթարկվել են պետական բռնաճնշումների, վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում նաև այն ոստիկանները, որոնք նռնակներ են նետել: Ես դատապարտում եմ նրանց կողմից կիրառած բռնությունը՝ ամբողջ սրտովս: Այդքան շատ անմեղ մարդ է տուժել, այդ թվում նաև ուսանողներ, որոնք այժմ պետք է վիրահատություն անեն՝ ծանր վնասվածքներ ստանալու պատճառով: Ինչի՞ համար։ Պարզապես, որ պաշտպանում են իրենց հիմնարար և քաղաքացիական իրավունքնե՞րը: Թող օրհնյալ լինեն հայ ժողովուրդը, խաղաղ ցուցարարները, ակտիվիստները և առաջնորդները, ովքեր ամբողջ սրտով հետևում են ժողովրդին տված իրենց խոստմանը և ջանք չեն խնայում, իսկ հանրությանն էլ ուղիղ հեռարձակումներով կրկին հիշեցնում են, որ իրենք քաղաքացիական անհնազանդություն են իրականացնում: Կարևորն այն է, որ համերաշխության ոգին և փոփոխություն կատարելու միտումը բարձր մակարդակի վրա են: Կարգախոսները, օդի մեջ բռունցքները, պարանոցի վրա երևացող դուրս եկած երակներն ու ջերմությունը միախառնվել են՝ խաղաղ ճակատով պայքարելու համար, դրանք են այս ալիքի հիմնարար քայլերը: Բայց այս ամենը դեռ սկիզբն է: Ո՞րն է այն կայուն ռազմավարությունը, որը կարող է վերածել այս շարժումը մի հզոր ուժի, ինչը կհանգեցնի խաղաղ բարեփոխումների, որոնք կնպաստեն Հայաստանի սոցիալական վիճակի բարելավմանը․ ռեժիմի փոփոխությունը: Արդեն 27 տարի շարունակ միլիոնավոր դոլարների օգնություն և ներդրումներ ստացած երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար հարցական է, թե ինչո՞ւ մենք դեռ անօթևանների խնդիր ունենք, մայրաքաղաքից դուրս որոշ գյուղերում և քաղաքներում հոսող ջուր չկա, և հիվանդանոցները, կարծես թե. դեռ գտնվում են խրուշչովյան դարաշրջանում։ Ըմբռնումից դուրս է այս ամենը: Բոլոր կառավարությունները, հատկապես նախկին խորհրդային պետություններում, խրված են կոռուպցիայի մեջ: Ագահություն և սնահավատություն։ Մենք լսել ենք այդ ամենը և դա ճշմարտությունն է: Սա կարող է կամ չի կարող փոխվել՝ կախված նրանից, թե ում ես այդ հարցը տալիս։ Կարևորն այն է, որ յուրաքանչյուր առաջադիմական մտածող և փոփոխություն տենչող անհատ պետք է իր ներդրումն ունենա փոփոխություններ ակնկալող այս իմաստալից գործընթացում՝ ցեղի, միասնության, համայնքի և պետության փոփոխության համար: Սա այն ամենն է, ինչին մենք ականատես ենք լինում: Ուժ եմ մաղթում այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար։ Շնորհակալություն ձեր քրտնաջան աշխատանքի և համերաշխության համար»։

factor.am