Search
Close this search box.

Ալիևը ընտրվեց մեծ խախտումներով.ԵԱՀԿ հայտարարությունը

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

«Բազմակարծության` այդ թվում և լրատվամիջոցների շրջանում բացակայության պայմաններում ընտրությունների ընթացքում չի եղել իրական մրցակցություն: Մյուս թեկնածուները զերծ մնացին ուղղակիորեն մարտահրավեր նետելու կամ քննադատելու գործող նախագահին, տարբերակում չի եղել նրա քարոզարշավի ու պաշտոնական գործունեության միջև»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Կազմակերպությունն արձանագրել է, որ ընտրությունների օրը նկատվել են պարտադիր ընթացակարգերի լայնածավալ խախտումներ, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ: Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում մտադրված կերպով զեղծարարություններ են արվել:

ԵԱՀԿ-ը զեկույցում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սահմանափակվել է հասարակության մասնակցությունը գործընթացներին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քարոզարշավը լավ կազմակերպված էր, ապահովված անհրաժեշտ ռեսուրսներով, սակայն թեկնածուն անձամբ քարոզարշավը չէր իրականացնում, այլ այցելություններ էր կատարում և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի ընդունում պաշտոնական՝ նախագահի կարգավիճակով: Մինչդեռ մյուս յոթ թեկնածուների քարոզարշավը եղել է մեծապես սահմանափակված:

«Մենք պետք է հաշվի առնենք, որ այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ ժողովրդավարական սկզբունքները վարկաբեկված են և օրենքի գերակայությունը բացակայում է, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելն անհնարին է: Ընտրությունների օրը մենք գրանցել են մի շարք խախտումներ, սակայն չկա տարբերակ պարզելու, թե ինչպես են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- նշել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Վիորել Ռիսերդ Բադեան:

Ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Քորին Յոնկերն էլ ընդգծել է, որ գործնականում բացակայում էին այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական ընտրությունների համար: «Իշխանությունները պետք է կատարեն Ադրբեջանի պարտականությունները որպես ԵԱՀԿ մասնակից երկիր՝ հարգելու, պաշտպանելու և աջակցելու քաղաքացիների ժողովրդավարական իրավունքներին»,- ասել է նա: