Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանը կարդաց ԵԼՔ-ի դատավճիռը

Նախորդ տարի բանակի տարկետման թեմայով խորհրդարանական թեժ քննարկումներից մեկում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ի պատասխան ԵԼՔ դաշինքի քննադատության եւ ընդդիմախոսության հայտարարեց, թե դաշինքը թող մտածի իր մասին, եւ դեռ կտեսնեն, թե ինչ է լինելու ԵԼՔ-ի հետ 2018 թվականին:
Վահրամ Բաղդասարյանը փաստորեն մարգարեացավ, քանի որ 2018 թվականի արդեն առաջին ամիսներին ԵԼՔ դաշինք դե ֆակտո գոյություն չունի, եւ դրա հերթական վկայությունն էր դաշինքի առաջնորդներից մեկի՝ Էդմոն Մարուքյանի հոդվածը Առավոտ օրաթերթում:
Մարուքյանի հոդվածն ունի մի քանի մեսիջ, մի մասն ուղղակի, մի մասը տողատակում: Մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շեղվել է ԵԼՔ-ի «գծից», որի մասին պայմանավորվել էին դաշինքը ստեղծելիս: Այդ գիծը պայմանականորեն կարող ենք անվանել խորհրդարանական հարթակում գործունեության եւ պայքարի գիծ: Մյուս մեսիջը ուղղված է իշխանությանը, որն ավելի բաց է՝ եթե իշխանությունը տեղ չի տալիս, չի ընդառաջում, այսպես ասած չի գեներացնում խորհրդարանական գծի հետեւորդ ուժերին, դրանից օգտվում են այն ուժերը, որոնք գնում են փողոց կամ փողոցում են:
Այլ կերպ ասած, Էդմոն Մարուքյանը իշխանությանը գրեթե բաց տեքստով ասում է, որ, եթե չեն ընդունում իրենց, տեղեր չեն տալիս հանձնաժողովում, չեն անում քայլեր, որոնք իրենց հիմք կտան խոսել այն մասին, որ խորհրդարանական հարթակը ընդդիմության համար լավ էլ արդյունավետ է եւ հնարավոր է հասնել փոքր, բայց կոնկրետ հաջողությունների՝ ի տարբերություն փողոցում տեղապտույտին, ապա դրանով աջակցում են փողոց եւ հրապարակ գնացող ուժերին:
Այդ իմաստով Էդմոն Մարուքյանի հոդվածում նշմարվում է նաեւ որոշակի մեղադրանք իշխանությանը, այն իմաստով, որ ԵԼՔ-ն ակնկալում էր իրեն «հաշվի առնելու» ավելի աշխույժ եւ ակնառու քաղաքականություն, բայց իշխանությունն արեց հակառակը:
Այդ համատեքստում էլ Մարուքյանը կամա թե ակամա արդարացնում է Նիկոլ Փաշինյանի հրապարակ եւ փողոց գնալը՝ մի կողմից, մյուս կողմից էլ կարծես թե արդարանում իշխանության առաջ՝ որ Փաշինյանին չեն կարողացել պահել խորհրդարանում: Ինչպես պահեինք, եթե իշխանությունը խորհրդարանում արհամարել է ԵԼՔ դաշինքին, դե ֆակտո ընթերցվում է Մարուքյանի հոդվածի տողատակում:
Մյուս կողմից, Լուսավոր Հայաստանի առաջնորդը դրանով նաեւ նրբորեն ընդգծում է պայմանավորվածությունը պահելու իր պատասխանատվությունը՝ ցույց տալով, որ չի գնացել փողոց: Մարուքյանի համար դրա անհրաժեշտությունը թերեւս առաջացել էր գների թանկացման դեմ փողոցային երթի պատճառով, որովհետեւ Մարուքյանն ինքը այդուհանդերձ ինչ որ պահի տրվել էր խորհրդարանից փողոց գնալու գայթակղությանը եւ գուցե այդ ֆոնին ունի ներկայում արդարանալու անհրաժեշտություն, ընդգծելով, որ ինքը մնում է պայմանավորվածության շրջանակում:
Բանն այն է, որ ԵԼՔ-ի ներդաշինքային պայմանավորվածության մասին խոսելով, Լուսավոր Հայաստանի առաջնորդը փաստացի շոշափում է ավելի լայն պայմանավորվածության շրջանակ:
Միեւնույն ժամանակ, սակայն, ԵԼՔ-ն ինքը փաստացի առաջինը դուրս եկավ լայն պայմանավորվածությունների շրջանակից, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ՝ երբ իրավիճակը եւ նյարդերը բավական լարված էին, հատկապես Ռուսաստանի անկանխատեսելիության մասով, առաջ քաշելով ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, որը կամա թե ակամա դառնում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի դե ֆակտո մատնագիր: Հաջորդը այն էր, որ դաշինքը ոչ միայն մերժեց տարկետման իրավունքի վերանայման առնչությամբ ՊՆ նախաձեռնությունը, այլ դե ֆակտո դարձավ այդ նախաձեռնության դեմ ուսանողական բողոքի աջակից:
Գործնականում, իշխանությունը դրանք փաստացի դիտարկեց դաշինքի ոչ միայն պայմանավորվածությունների եւ կանոնների խախտում, այլ երկու հարված թիկունքից:
Այդ իմաստով թերեւս բավական նշանային էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եզրափակիչ ելույթը տարկետման իրավունքի մասով, խորհրդարանում, որտեղ նա հատուկ ափսոսանք հայտնեց ԵԼՔ-ի դիրքորոշման առանչությամբ, կարդալով դաշինքի դատավճիռը, որի «մրուրի» վրա էլ մարգարեցավ Վահրամ Բաղդասարյանը:
Իհարկե, ԵԼՔ-ը դե յուրե շարունակում է գոյությունը, թեեւ, ինչպես օրինակ Էդմոն Մարուքյանն է իր հոդվածում բավական կարեւոր մի հանգամանք շեշտում՝ հասարակության հետ պետք է լինել եւ խոսել անկեղծ, գուցե պետք է հենց անկեղծորեն հայտարարել, որ դաշինք չկա: Եվ կամ ստեղծել նորը, կամ պարզապես բավարարվել նախկինի տված փաստացի միակ արդյունքով՝ խորհրդարանի ու Երեւանի Ավագանու տեղերով:
lragir.am