Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի օրոք առաջին անգամ տարածքային կորուստ ունեցանք, նա չպիտի լինի վարչապետ. Փաշինյանը դուրս է գալիս պայքարի

Սերժ Սարգսյանը ձեւավորել է ստահոդ պետություն իր բոլոր ատրիբուտներով: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավա Նիկոլ Փաշինյանը:

«Նա պիտի չլինի վարչապետ: Նրա կառավարման ժամանակ հայկական կողմն առաջին անգամ տարածքային կորուստներ ունեցավ, Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ՝ նվազել, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է: Նա վարչապետ պիտի չդառնա, նա է ասել, որ համարում է սխալ, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի պետության ղեկավարի պաշտոնում լինի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարկավոր է կանխել Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետում երկրի ղեկավար դառնալու գործընթացը. «Պայքարի ընթացքում պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շատ հստակ եւ աներկբա մեր պայմանն ընդունում են, սակայն, մեր հիմնական բանակցությունը ՀՀ քաղաքացիների հետ է, որովհետեւ քաղաքական պայմանագրի, պարտավորության մյուս կողմում խաբվող ՀՀ քաղաքացիներն են: Մենք մերժում ենք բռնությունը որպես համագործակցություն, կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս սկզբունքը»,-ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, առաջիկա պրոցեսներում գործելու է ոչ միայն որպես պատգամավոր, կուսակցության ներկայացուցիչ, այլեւ՝ ՀՀ քաղաքացի. «Եթե հարյուր հազարավոր քաղաքացիներ արտահայտեն իրենց կամքը եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ-ի միակ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ժողովուրդը դուրս կգա եւ ինքը կընտրի իր վարչապետի թեկնածուին, վաղը մեր ճանապարհային քարտեզը կհրապարկենք եւ շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն, Սերժ Սարգսյանը ուղիղ 10 օր անց իշխանությունից կհեռանա եւ չպետք է թույլ տանք, որ վերադառնա»:

Նշենք, որ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել է, որ դուրս է գալիս փողոցային պայքարի՝ թույլ չտալու համար Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները չեն միացել այդ պայքարին: