Search
Close this search box.

«Հասկանում եմ իմ հսկայական պատասխանատվությունը Ռուսաստանի քաղաքացիների, երկրի առաջ». Պուտինը դիմել է իր ժողովրդին

Նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ռուսաստանցիներին ուղղված դիմումով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, պետության գործող ղեկավարը հաղթանակ է տարել՝ հավաքելով 76,69% ձայներ: Հօգուտ Պուտինի քվեարկել է 56 430 712 ընտրող: Դա Ռուսաստանի պատմության մեջ նախագահի ընտրություններում մաքսիմալ աջակցությունն է:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին «աննախադեպ» աջակցության համար: Ըստ նրա, այդպիսի «հզոր քաղաքացիական ակտիվությունը ու համախմբումը» չափազանց կարևոր է:

«Հասկանում եմ իմ հսկայական պատասխանատվությունը Ռուսաստանի քաղաքացիների, երկրի առաջ: Ամենը, ինչի մասին խոսել եմ ընտրարշավի ժամանակ, պետք է արվի»,-նշել է նա:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «իսկական ճեղքում» և ռուսաստանցիների աջակցության մեջ ինքը տեսնում է դրա պատրաստակամությունը:

«Մեզ անհրաժեշտ են հետևողական, խորը փոփոխություններ, մտածված քայլեր, որոնք կայուն արդյունք կբերեն և՛ այսօր, և՛ հեռանկարում»,- ընդգծել է պետության ղեկավարը:

Նա նաև հիշեցրել է այն խնդիրները, որը նա հնչեցրել է Դաշնային ժողովին հղած ուղերձում: «Ըստ էության դա մեր ընդհանուր գործողությունների պարզորոշ, կոնկրետ, մանրամասն ծրագիր է: Համոզված եմ, որ այն իրատեսական է, ճիշտ ու հիմնավորված»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հավաստիացրել է, որ ցանկացած ամփոփիչ որոշում կընդունվի «բացառապես ի շահ ռուսաստանցիների»: «Մեր զարգացման օրակարգը կրում է համախմբող բնույթ, համազգային բնույթ և պետք է միավորի բոլորին»,- հայտարարել է նա:

ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունների գործողությունների քննադատությունն ու քննարկումը կարևոր է, սակայն դա չպետք է վերածվի «անպատասխանատու պոպուլիզմի»:

Պետության ղեկավարը նաև դիմել է այլ թեկնածուների օգտին քվեարկած ռուսաստանցիներին, ընդգծելով, որ հարգանքով է վերաբերվում նրանց ընտրությանը: Միաժամանակ նա հավելել է, որ քաղաքական նախապատվությունները չպետք է բաժանեն երկրի բնակիչներին: