Search
Close this search box.

Ով է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը. ինչ ուղի է անցել նա և ինչ կարծիք ունեն փաստաբանները նրա մասին

Այսօր հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավորը Տաթեւիկ Գրիգորյան հիմնավորված համարեց նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։

Հիշեցնենք, որ Տաթեւիկ Գրիգորյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2015 թվականի մարտի 6-ին: Դատավոր նշանակվելու ժամանակ նա  28 տարեկան էր:

Մամուլը բազմիցս անդրադարձել է երիտասարդ դատավորի կենսագրությանն ու ստացած կրթությանը: Ըստ հրապարակումների՝ նա ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղը։ Սա ոչ պետական բուհ էր, որը ուսանողներ էր հավաքում ռուսական բուհի տիպի դիպլոմներ բաժանելու հաշվին։ 2007 թվականին այն փակվել է։

Նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղի փակվելուց հետո այն շարունակել է գործել «Մանց» անվան տակ։ «Մանց» համալսարանը այսօր էլ գոյություն ունի, սակայն ըստ մամուլի տեղեկությունների՝ ունի  ուսանողների խիստ սահմանափակ քանակություն։ 2015 թվականին, երբ Տաթեւիկ Գրիգորյանն դատավոր նշանակվեց, այս կոմերցիոն բուհը, որը նա ավարտել էր, վաղուց չկար։ 2014 թվականին Ռուսաստանի կրթության գերատեսչությունն ուսումնասիրություններ էր կատարել իր համակարգում եւ կես տարով փակել այն ու մյուս կոմերցիոն բուհերը՝ թեզերի ցածր որակի պատճառով։

Դատավոր նշանակվելու պահին Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարագրել է 8 մլն ՀՀ դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն 2016 թվականին նա ունեցել է 12 մլն ՀՀ դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար: Նույն թվականին նա  600 հազար դրամով գնել է Mercedes-Benz 230 մակնիշի ավտոմեքենա: Որպես եկամտի աղբյուր հայտարարագրել է աշխատավարձը, որ 2016-ին կազմել է 6 234 589 դրամ:

Իր դատավոր լինելու կարճ ժամանակաշրջանում բազմաթիվ քննադատություններ են հնչել երիտասարդ դատավորի ուղղությամբ: Մասնավորապես ՝ 2017 թվականին, փաստաբան  Տիգրան Հայրապետյանը Գրիգորյանին պաշտոնանկ անելու պահանջ էր ներկայացրել Սերժ Սարգսյանին. «Ինձ թվում է այնպիսի խախտումներ է դրսևորել, որ նրա լիազորությունները որպես դատավորի, պետք է դադարեցվի:  Դատավորի թույլ տված խախտումները հեղինակազրկում են արդարադատությունը և դրանք անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ»,- հայտարարել էր փաստաբան Հայրապետյանը:

Հայրապետյանի պնդմամբ՝ Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում արձանագրված օրենքի բոլոր կոպտագույն խախտումների «հեղինակային» իրավունքը պատկանում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, որի կամայականություններից հետո մյուս դատավորներն էլ են սկսել օրենքից դուրս որոշումներ կայացնել:

Փետրվարի 23-ին Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը Տաթևիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս անդրադարձել էր նրա մասնագիտական որակներին՝ նշելով, որ Տաթևիկ Գրիգորյանն այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի: Նրա խոսքով, նախագահողն իր գործունեությամբ ոտնահարում է դատարանի հեղինակությունը, որը կամ մասնագիտական անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակի արդյունք է, կամ` դիտավորության:

ArmLife.am