Search
Close this search box.

«Քաղաքացիական պայմանագիր»-ը «Ելք»-ից առանձին հանրահավաք կանցկացնի. օրակարգը դեռևս հստակ չէ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրազեկումը Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել:

Կուսակցությունը նախատեսում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել ապրիլի 3-ին, ժամը 18:00-22:00-ն: Բացի հանրահավաքից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երթ կանցկացնի Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել հանրահավաքի նպատակի և օրակարգի վերաբերյալ: «Մենք Երևանի քաղաքապետարան հանրահավաքի անցկացման մասին իրազեկման փաստաթղթեր ենք ներկայացրել, իսկ մնացած հարցերի մասին հետո կխոսենք»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` դեռևս հստակ չի՞ հանրահավաքի օրակարգը, Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին այսքանը կարող եմ ասել»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում շարունակվում են քննարկումները դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ կառավարության ապագա կազմի ձևավորման դեմ փողոցային պայքարի վերաբերյալ: Դաշինքի ներկայացուցիչները իրենք էլ չեն հերքում, որ խմբակցության ներսում տարաձայնություններ կան կապված պայքարի մեթոդների հետ, թեև հույս են հայտնում, որ ամեն ինչ անելու են ընդհանուր հայտարարի գալու համար: