Search
Close this search box.

ՖՈՏՈ. Թալինում բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ն ու ազատամարտիկի «099»-ը. վերջինի վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Գ. Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Թալին քաղաքի բնակիչներ, 63-ամյա Անահիտ Հարությունյանը և 20-ամյա Մխիթար Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը՝ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Դ

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հարությունյանն աշխատում է Թալինի թիվ 2 դպրոցում՝ որպես տնօրեն, Մ. Գասպարյանը սովորում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Opel-ի վարորդ Ա. Դանիելյանն աշխատում է ոստիկանության զորքերի 1032 զորամասում, իսկ մահացած Գ. Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, Թալինում նրան ճանաչում էին որպես կռված տղա, ով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։

Նշված խաչմերուկում բացակայում էին երթևեկությունը կարգավորող նշանները, դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ոչ միայն ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, այլև ստեղծել վթարային իրավիճակ, բախվել «099»-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և հայտնվել բնակչի հողամասում։