Search
Close this search box.

Լիոնի ազգությամբ հայ քաղաքապետը կլինի Տարոն Մարգարյանի կողքին

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, փոխանցում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետները հանդես են եկել ելույթներով:
Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների:
«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար: Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», – նշել է Լիոնի քաղաքապետը: