Search
Close this search box.

ՀՀԿ-ի խորհրդավոր գիշերները ու Չերչիլը

ՀՀԿ ներսում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներ դեռ չկան, երբ դրանք կազմակերպվեն՝ անունը կհրապարակվի, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ իր խոստումը չպահելու մասին հայտարարություններին: Ըստ Բաղդասարյանի՝ քաղաքականությունը խայտաբղետ է, թելադրում է նոր պահանջներ:
«Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին ու հավակնություններին տուրք տալ»,- ասաց նա:
2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոններին:
Նա խորհուրդ տվեց կարդալ Չերչիլի կենսագրությունը, նրա հայտարարությունները մի քանի տարի առաջ ու դրանից հետո: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
«Տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում: Իսկ որ պահին քաղաքականությունը վերածենք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց»,- նշեց նա: