Search
Close this search box.

ՀՅԴ-ն ողջունում է ՀՀ-Թուրքիա արձանագրությունների չեղարկումը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։

Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին էին: Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդամենը մարտավարական խնդիր էր լուծում՝ միաժամանակ փորձելով նախապայմաններ առաջադրել։

Աներկբա է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ջանքերը ձախողվել են նախապայմանների լեզվով խոսելու Թուրքիայի գործելաոճի պատճառով։ Այլևս ակնհայտ է թուրքական դիվանագիտության ողջ սնանկությունը և Թուրքիայի՝ անվստահելի գործընկեր լինելու իրողությունը։ Հարկ է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները դեռևս պատրաստ չեն պատմության հետ առերեսվելու և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու։

Ողջունելի է, որ նախընթաց տարիներին հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը և համարժեք քայլեր ձեռնարկել Թուրքիայի մտադրությունների չեզոքացման ուղղությամբ։ Արձանագրությունների կնքման գործընթացի դադարեցումը նաև մեր համահայկական պայքարի, այդ պայքարին միացած քաղաքական և հասարակական կազմակերպությունների, մեր ողջ ժողովրդի ձեռքբերումն է։

Հավատացած ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է, սակայն այն պետք է տեղի ունենա քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգին համապատասխան և որևէ պարագայում չպետք է վտանգի մեր ազգային-պետական շահերը և հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

2 փետրվար, 2018թ.