Search
Close this search box.

Երևանի պայմանը Բաքվին՝ ընտրություն երկու Սարգսյանի միջեւ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը նախօրեին Ժնեւում հայտարարել էր, թե Ադրբեջանում ու Հայաստանում նախագահի ընտրություններից հետո չի բացառվում երկու երկրների նախագահների նոր հանդիպում: Բաքվի այդ ակնկալիքը դեռեւս մի քանի շաբաթ առաջ հնչեցրել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Բաքվում համանախագահների եւ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Այժմ դա ասում է ինքը Մամեդյարովը:
Երեւանն այդ հայտարարություններին չի արձագանքել, գոնե առայժմ:
Հետաքրքիր է, ի՞նչ նկատի ունի Բաքուն, խոսելով երկու երկրների նախագահների հանդիպման ակնկալիքի մասին՝ երկու երկրում նախագահի ընտրությունից հետո: Նախագահների հանդիպում ասելով նկատի է առնվում Սարգսյան-Ալիեւ ձեւաչափը, թե՞ այլ կազմ:
Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունն ապրիլի 11-ին է: Հայաստանում նախագահի ընտրություն է մարտի 2-ին, եւ ամենայն հավանականությամբ նոր նախագահ կլինի Արմեն Սարգսյանը: Բայց նա իր պաշտոնը կստանձնի միայն ապրիլի 9-ից հետո, երբ նախագահի պաշտոնից կհեռանա Սերժ Սարգսյանը:
Եթե Մամեդյարովը խոսում է ընտրություններից հետո երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորության մասին, նկատի ունի ո՞ր ժամանակահատվածը: Որովհետեւ, եթե խոսքը Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին է, ապա այստեղ առաջանում է խնդիր՝ Ադրբեջանում նախագահի ընտրությունն ապրիլի 11-ին է, երբ Սերժ Սարգսյանն այլեւս թողած կլինի նախագահի պաշտոնը: Նա կարող է լինել վարչապետ, մեղմ ասած կա այդպիսի հավանականություն, բայց այդ դեպքում կլինի ոչ թե երկու երկրների նախագահների, այլ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպում:
Բայց Մամեդյարովը կարծես թե խոսում է նախագահի ընտրությունից հետո երկու երկրների նախագահների հանդիպման մասին: Նա թերեւս փորձառու դիվանագետ, բանիմաց գործիչ է եւ պետք է որ բառերի հետ լինի պատասխանատու, չանի մեխանիկական հայտարարություններ: Մամեդյարովը մեխանիկորե՞ն է խոսել, թե՞ այդուհանդերձ նրա խոսքում առկա է բանակցային ձեւաչափի կամ կազմի որոշակի փոփոխության մասին իրազեկվածություն:
Իհարկե, այդ դեպքում էլ կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում, բայց արդեն Արմեն Սարգսյան-Ալիեւ, եթե խոսքը երկու նախագահների մասին է:
Իսկ եթե Մամեդյարովի խոսքը ուղղակի մեխանիկա չէ՝ ինչը տարօրինակ կլինի իհարկե արտաքին գործերի նախարարի մակարդակի համար, եւ եթե չկա ինչ որ հեռավոր իրազեկության տարրեր կամ նոտա, ապա թերեւս տրամաբանական կլիներ, որ Մամեդյարովը Հայաստանի մասին խոսեր վերապահումով, ասելով, օրինակ, թե պետք է հասկանալ Հայաստանում նախագահի ընտրությունից հետո ով է լինելու բարձր մակարդակի բանակցողը՝ նախագա՞հը, թե՞ վարչապետը: Դա կլիներ առավել տրամաբանական ու ճշգրիտ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի նոր նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, թե նախագահի ընտրությունից ու վարչապետի, կառավարության նշանակումից հետո «բոլորով կնստեն» ու կքննարկեն Արցախի խնդրում հետագա ռազմավարությունն ու բանակցային դերակատարումները: Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե հնարավոր է նախագահն ունենա անսպասելի դերակատարում:
Նա հայտարարեց, որ կառավարման նոր մոդելը Երեւանին տալիս է ավելի ճկուն լինելու հնարավորություն:
Արմեն Սարգսյանի մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր այն, որ նա խոսեց բանակցային դիրքորոշումը կոշտացնելու մասին: Նրա կարծիքով, պետք է բանակցել մի դիրքով, որը դիմացինի մոտ կառաջացնի համոզում, որ չես փոխզիջելու ոչինչ եւ պահանջելու ես ամեն ինչ:
Երեւանի մակարդակով դա աննախադեպ հայտարարություն է: Ընդ որում չի բացառվում, որ այն ունեցել է իր դերը, քանի որ Մամեդյարովը Ժնեւում հայտարարեց նաեւ, թե Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Ադրբեջանը կարծես թե երբեք չի արել այդօրինակ շեշտադրումով ու տոնայնությամբ հայտարարություններ:
Կհրաժարվի՞ Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ բանակցությունից, այդ գործը պատվիրակելով Արմեն Սարգսյանին, եթե դառնա վարչապետ: Թե՞ կարող է հրաժարվել վարչապետ դառնալուց ընդհանրապես: Արդյոք Արմեն Սարգսյանի հայտարարությունը նաեւ ակնարկ էր Ալիեւին, որ կամ կհամաձայնի Սերժ Սարգսյանի հետ բանակցային օրակարգին՝ Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնեւ, կամ ստիպված կլինի գործ ունենալ Արմեն Սարգսյանի առաջ քաշած ավելի կոշտ տարբերակի հետ:
Ալիեւի համար խոշոր հաշվով երկու տարբերակն էլ ունեն միեւնույն տողատակը՝ երկու դեպքում էլ խոսքը ներկայիս ստատուս-քվոն պահելու մասին է: Պարզապես մի տարբերակում Ալիեւին առաջարկվում է նաեւ բանակցությամբ պահել դեմքը, մյուս տարբերակում՝ կամ գնալ պատերազմի վտանգավոր եւ գործնականում կործանիչ տարբերակի, կամ Ադրբեջանի առաջին դեմք դարձնել Մեհրիբան Ալիեւային:

lragir.am