Search
Close this search box.

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի պատասխանը «Ելք»-ին

ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում ընդունվել է որոշում օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ։«Ելք»-ի օրենսդրական նախաձեռնությունը առայժմ խորհրդարանական այլ ուժերի կողմից հավանության չի արժանանում։ «Ծառուկյան» դաշինքում ծանրակշիռ ապացույցներ են պահանջում այդ միությունում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանի ձեռքբերումների ու ձախողումների առումով։Խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի հետ զրույցում «Ելք»-ականներին է առաջարկում նախ միանալ իրենց ծրագրերին։
«Նման հզոր գործընթաց ձեռնարկելիս՝ պետք է կշռադատել, վերլուծել, հաշվարկել ռիսկերը, արդեն իրողություն է ԵՏՄ-ի կազմում Հայաստանի լինելը։ Էս պահին մենք պետք է հիմնավորենք՝ ինչու ենք դուրս գալիս եւ որն է այլընտրանքը։ Այն գործառույթները, որոնք ի վիճակի ենք իրականացնելու ԵՏՄ-ի շրջանակում արդյոք ի վիճակի ենք իրականացնել այլ կառույցի մեջ։ Ունե՞ն հստակ քաղաքականություն դուրս գալուց հետո ինչ պետք է անենք։ ԵՏՄ-ում բազմաթիվ տնտեսական շահեր ենք սպասարկում։ Իրենց այլընտրանքը ո՞րն է»,- հարցնում է պատգամավորը: Դիտարկմանը, որ «Ելք» դաշինքը մանրակրկիտ ներկայացրել է բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումները, Բագրատյանը հակադարձել է.«Տնտեսական առումով դեռեւս հիմնավորված եւ ապացուցված չէ ԵՏՄ-ի կազմում լինելը մեզ օգնում է, թե՞ խանգարում է։ Այս պահին չկան թվեր, որ մենք վերլուծենք ու ասենք, որ վնաս տվեց ԵՏՄ-ի մեջ մտնելը»։ Սերգեյ Բագրատյանը առաջարկեց մինչ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը սկսկելը, երկրի խնդիրներով մտահոգները նախ միանան իրենց 15 կետանոց նախընտրական ծրագրին.«Այնպես չի, որ մենք որեւէ դաշինքի ծրագրային ծիրում փորձելու ենք տեղավորվել։ Մենք ունեն մեր ծրագրերը, իրենք պետք է մտածեն մեր ծրագրերին միանալու են, թե ոչ։ «Ծառուկյան» դաշինքը լավագույն 15 կետով ծրագիր ունի։ Եթե մտահոգ են երկրի տնտեսական զարագացման խնդիրներով պետք է միանան այդ 15 կետին»,-հայտարարեց պատգամավորը՝ ընգծելով, որ այլոց ծրագրերը իրենց հետաքրքրում են այնքանով, որքանով որ աղերս ունեն իրենց 15 կետի հետ