Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի իշխանությունները գերության մեջ գտնվող ԼՂ քաղաքացուն ստիպել են ադրբեջաներենով գովաբանել իրենց

Ադրբեջանի իշխանությունները քարոզչական տեսահոլովակ են տարածել՝ գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն ստիպելով խոսել ադրբեջաներեն լեզվով։ Ինչպես հայտնում է minval.az-ը, քարոզչական նյութը պատրաստվել է Xəzər հեռուստաընկերության կողմից: Ռեպորտաժի գլխավոր «հերոսը» ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանն է: Տեսանյութում Բաղդասարյանը բավականին սահուն կերպով խոսում է ադրբեջաներեն լեզվով՝ բանաստեղծություն է արտասանում եւ նկարագրում, թե ինչ «լավ» է ապրում ադրբեջանական բանտում: Բաղդասարյանի՝ ադրբեջաներենում հաջողությունները բավականին կասկածելի են, սակայն, դատելով նրա կենտրոնացած հայացքից, նա ուղղակի կարդում է տեքտը մոնիտորի կամ այլ սարքի վրա։

Իսկ ահա հասարակության ուշադրությունը գերեվարված անձի վրա սեւեռելու փաստը ոչ այլ ինչ է, քան Միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների խախտում: Ավելին, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի իշխանությունները խոշտանգումների միջոցով ստիպել են Հայաստանի եւ ԼՂՀ գերեվարված քաղաքացիներին նմանատիպ «խոստովանություններ» անել եւ գովաբանել իրենց բանտարկության պայմանները:

Քարոզչական տեսահոլովակի «պսակն» է դառնում Արսեն Բաղդասարյանի բանտարկության պայմանների համեմատությունը եւ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ձերբակալության կադրերը։ Ի տարբերություն Արսեն Բաղդասարյանի՝ ադրբեջանցի դիվերսանտները ձերբակալվել են հենց հանցագործության վայրում։

News.am