Search
Close this search box.

Հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի հսկողության տակ. Թոմաս դե Վաալ

Բոլորը շատ, թե քիչ հասկանում են, որ հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի հսկողության տակ: Այդ մասին «Эхо Кавказа»-ին տված հարցազրույցում հայտարարել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին:

Վերլուծաբանը նշել է, որ ամենասուր և ցավագին հարցն այն է, որ հայերը վերահսկում են ոչ միայն ինքնին Լեռնային Ղարաբաղը. «Ես կարծում եմ, որ բոլորը շատ, թե քիչ հասկանում են՝ հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի հսկողության տակ: Բայց այստեղ կա նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հարցը, որոնք չեն եղել Լեռնային Ղարաբաղի մաս՝ Ադրբեջանի շրջանները, որոնք նույնպես գտնվում են հայկական զորքերի հսկողության տակ: Իհարկե, Բաքուն երբեք չի հաշտվի այդ տարածքների կորստի հետ, որտեղ ապրում էին կես միլիոն ադրբեջանցիներ, որոնք մինչ այժմ փախստականներ են: Իսկ մյուս կողմից, հայկական կողմը դրանք չի հանձնի, մինչև չլինեն անվտանգության ամուր երաշխիքներ: Ես կարծում եմ, որ 20 տարի առաջ շատ ավելի հեշտ էր լուծել այդ հարցը, քան այժմ»,- ասել է նա:

Փորձագետը նաև նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ մեծ է: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում. «Ո՞վ կգնա ռիսկի և նման վտանգավոր հակամարտություն կսկսի, որը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի և ավերածությունների: Բայց մյուս կողմից՝ կոնֆլիկտայնության մակարդակը շատ բարձր է՝ փոխադարձ սպառնալիքներ, բանավոր հայտարարություններ և շփման գծում ծանր սպառազինության զանգվածային կուտակում՝ հրետանի, ավիացիա»,- ասել է Դե Վալը՝ նշելով առկա վտանգները և հաշվի առնելով, որ առաջնագծում գտնվող հրամանատարները հրադադարի լուրջ խախտման դեպքում ստիպված կարող են արագ որոշում կայացնել և չհասցնել կապվել Բաքվի կամ Երևանի հետ:

Դե Վաալի խոսքով՝ Կովկասում «հին» հակամարտություններն անկայունության կայուն բաղադրիչներ են արտաքին աշխարհի համար: Նրանք, ովքեր ավելի ուշադիր են դրանց հետևում, իհարկե տեսնում են նոր հակամարտության վտանգը, բազում խնդիրներ: Բայց Վաշինգտոնում, Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում կան այլ առաջնահերթություններ՝ Սիրիա, Իրան, Հյուսիսային Կորեա և, իհարկե, Ուկրաինա, որոնք արևմտյան քաղաքական գործիչների համար շատ ավելի սուր խնդիր են, քան Կովկասը:

«Ես կարծում եմ, որ վտանգ, իհարկե, կա, որովհետև Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը բավական լուրջ է, և իմ կարծիքով՝ լավ կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել, ավելի շատ ջանքեր գործադրել այժմ, այլ ոչ որոշ ժամանակ անց, երբ հակամարտությունը կարող է անսպասելիորեն վերսկսվել»,- ասել է Դե Վաալը:

Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը carnegie.ru-ում գրել էր, որ Մոսկվան երբեք չի կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց այն շարունակում է հակամարտությունում ամենաազդեցիկ արտաքին ուժը մնալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կմնա «Նվազագույն» նախագիծ» Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այնքան, մինչև դրա գլխավոր դերակատարները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, չորոշեն վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները: