Search
Close this search box.

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Նևզորովն Ադրբեջանի նախագահին «վտանգավոր գիժ» է անվանել՝ Երևանը «վերադարձնելու» նրա մտադրության մասին հայտարարության ֆոնին։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժանքների համատեքստում, թե «պատմությունը հումք է, որից կարելի է սարքել ինչ ուզես»։
Նևզորովի խոսքերով՝ Ալիևը Երևանի մասին իր խոսակցություններով «վտանգավոր գիժ» է թվում։ Նշելով, որ հարևան երկրների նախագահների հարցում Ռուսաստանի բախտն այնքան էլ չի բերում, Նևզորովը նշել է, որ, այնուամենայնիվ, «ես խորհուրդ չէի տա այդ վտանգավոր գժի ձեռքը ոչ թե ածելի, այլ անգամ մի սանտիմետրից մեծ մեխ տալ, և ավելի լավ կլինի դրանք փոխարինել ատամփորիչներով»։
«Նա (Ալիևը) չէ՞ որ պատրաստվում է… նա ասել է, թե պատրաստվում է միավորել… վերադարձնել Երևանը… Դե, ասենք թե՝ լավ… նախագահական մարազմ է, նախագահական հնարք։ Բայց անմիջապես էլ վրա հասան ակադեմիկոսներն ու պատմաբանները, որոնք հիմնավորեցին այդ նախագահական բարբաջանքը… Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է, և այն ապրելու է։ Եվ երբևէ, վաղ թե ուշ, այն արյունահեղություն և բեկումներ է առաջացնելու, և ատելության հերթական բռնկումներ։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես են սարքվում պատմական ֆեյքորը»,- նշել է Նևզորովը։