Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի խոսքը Մարտի 1-ի մասին

Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր Գեւորգ Կոստանյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասում է, թե չկար Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք: Նրա խոսքով, Քոչարյանը, կամ այդ պահին պաշտոնապես ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը գործով վկաներ չեն: Միեւնույն ժամանակ, Մարտի 1-ի կեսօրին Քոչարյանի հայտնի հայտարարության հետ կապված, թե ցուցարարները դուրս են գալիս ավտոբուսի հետեւից՝ կրակում, հետո կրկին թաքնվում, Գեւորգ Կոստանյանն ասում է, թե այդ ձայնագրությունը եղել է նախաքննության մարմնի տրամադրության տակ եւ այդ մասով էլ Քոչարյանին հարցաքննեին, որ ի՞նչ ասեր:
Միեւնույն ժամանակ, Գեւորգ Կոստանյանն ասում է, որ Մարտի 1-ի գործի վերաբերյալ իր վրա չի եղել որեւէ ճնշում, կոծկելու, պարտակելու որեւէ թելադրանք:
Մարտի 1-ի գործի բացահայտման պատասխանատվությունը, կամ հիմնական պատասխանատվությունն անշուշտ Գեւորգ Կոստանյանի վրա չէ: Նա գլխավոր դատախազ դարձավ այն ժամանակ, երբ անցել էր արդեն 5 տարի: Կոստանյանն ասում է, թե ժամանակի հետ ավելի բարդ է դառնում բացահայտումը, քանի որ վկաներից շատերը հեռանում են, շատերը՝ մոռանում, եւ այլն: Թեեւ այդօրինակ գործ բացահայտելու համար ուշ չէ գուցե նույնիսկ 30 տարին: Ի վերջո, Մեծ Բրիտանիայում Թրաֆալգարյան հրապարակի հայտնի ողբերգությունը բացահայտվեց եւ մեղավորների դատավճիռ եղավ 30 տարի անց:
Գեւորգ Կոստանյանից առաջ Գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, որն այժմ Քննչական կոմիտեի նախագահն է:
Ինչպես հայկական քաղաքական մտքի «աքսակալներից» Գալուստ Սահակյանն էր ասել հոկտեմբերի 27-ի մասին՝ այդ գործը կբացահայտվի լիարժեք, երբ Հայաստանը դառնա լիարժեք անկախ պետություն, այնպես էլ թերեւս հնարավոր է ասել Մարտի 1-ի վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ, մեղմ ասած քննության չեն դիմանում բացատրությունները, որ տալիս է որեւէ պաշտոնյա, թե ինչու չեն հարցաքննվել, հարցեր չեն ստացել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Վերջին հաշվով, Գեւորգ Կոստանյանն օրինակ ի՞նչ գիտե, թե ինչ գիտեն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, եւ որ նրանց իմացածն ասենք նախաքննության մարմնի տեսածից ավելին չէ: Չէ՞ որ դա իմանալու համար պետք է կանչել ու հարց ուղղել, որպեսզի պարզ դառնա՝ նրանք ինչ որ ավելի բան գիտեն, թե ոչ: Չէ՞ որ ի վերջո նրանցից մեկը այդ պահին գործող նախագահ է եղել, մյուսը՝ գործող վարչապետ եւ պաշտոնապես ընտրված նախագահ:
Ընդ որում, անկասկած միայն նրանք չէ, որ պետք է հարցաքննվեին, կամ պարզապես հրավիրվեին զրույցի, այլ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ նաեւ իշխանության մյուս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Երբ տեղի չի ունենում այդ տարրական գործընթացը, մեղմ ասած համոզիչ չեն հնչում խոսքերը, թե չի եղել որեւէ ճնշում, պարտակելու կամ չբացահայտելու պարտադրանք:
Ուղիղ իմաստով դա գուցե իսկապես չի եղել, բայց Հայաստանի իշխող համակարգի ամբողջ «հմայքն» ու «ուժն» էլ այն է, որ ներքին հարաբերությունները հասցվել են սահուն ընթացքի այնպիսի մակարդակի, որ ամեն ինչ չէ, որ պետք է իրականացվի ուղիղ վարչահրամայության կարգով՝ համակարգի տարբեր կառույցները արդեն շատ լավ գիտեն կարելիի եւ անկարելիի, թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմանը:
Այլապես, այդ օրերին նույն Ռոբերտ Քոչարյանի գրեթե ամեն մի հայտարարություն հարցերի նոր աղբյուր էր: Օրինակ, նա հայտարարում էր, որ դատական գործընթացում կլինեն Մարտի 1-ի ձերբակալվածների վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որ նրանց կողքին կանգնողները կամաչեն դրա համար: Դատերը եղան, պարզվեց բացի «մեկ ոստիկանի» ցուցմունքից, որեւէ այլ ապացույց չի ստացվում: Ավելին, արդեն սկսել են ստացվել այդ իրավիճակի առաջին «դառը պտուղները»՝ Եվրադատարանի վճիռները Մարտի 1-ի գործով ձերբակալվածների հայցերի հիման վրա, ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ճակատագրի հեգնանքով առաջին գործը առնչվում էր այսօր արդեն Դանիայում Հայաստանի դեսպան, Մարտի 1-ի գործով հետապնդված Ալեքսանդր Արզումանյանին:
Խոշոր հաշվով, սակայն, Մարտի 1-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի, եւ թերեւ բոլոր պաշտոնյաների ամենախոսուն արտահայտությունը եղել է ավելի ուշ, 2011 թվականին, բավական հետաքրքիր ներքաղաքական իրավիճակում:
Սկսվում էր Հայ ազգային կոնգրես-ՀՀԿ, կամ պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսության գործընթացը: Դրանում շրջանառվող հարցերից մեկն էլ Մարտի 1-ի քննությանը նոր շունչ հաղորդելն էր, որ հնչեցնում էր Տեր-Պետրոսյանը եւ որը փաստացի ընդունեց Սերժ Սարգսյանը, նախագահի նստավայրում անցկացնելով խորհրդակցություն եւ տալով նոր թափ հաղորդելու հանձնարարություն: Լիովին հասկանալի է, որ դա ընդամենը քաղաքական իրավիճակից բխող մանեւր էր, սակայն ահա այդ երկխոսության միջակայքում ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
Նա խորհուրդ էր տալիս ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Մարտի 1-ին զոհերը եղել են այն հատվածներում, որոնք չէին վերահսկում թե իշխանությունը, թե ընդդիմությունը:
Ի՞նչ կար Քոչարյանի այդ ակնարկի տակ, որին ուշադրություն չդարձրին երկխոսության եւ քաղաքական այդ շրջափուլի ակտիվ մասնակիցները: Դա Ռոբերտ Քոչարյանի մտահոգության դրսեւորու՞մ էր, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը հանկարծ կարող էին ինչ որ սկզբունքային պայմանավորվածության գալ եւ «զոհաբերել» իրեն՝ փակելով այդպիսով Մարտի 1-ի էջը: Ընդ որում, արդյոք Քոչարյանի մոտ կար մտավախություն, որ դա կարող է լինել արտաքին ավելի լայն համաձայնություն, հաշվի առնելով այն, որ մամուլում գրում էին Տեր-Պետրոսյան-Սարգսյան երկխոսության արտաքին ճարտարապետների մասին:
Թե՞ Ռոբերտ Քոչարյանը ակնարկում էր, որ եթե փորձ արվի ներքին կամ արտաքին մասշտաբով դնել իր «զոհաբերության», Մարտի 1-ն իր վրա «դուրս գրելու» հարցը, ապա ինքը ավելի լայն փակագծեր կբացի:
Արդյոք Քոչարյանն ակնարկում էր, որ Մարտի 1-ի զարգացումներում կա ոչ միայն իշխանություն ու ընդդիմություն, այլ նաեւ մի երրորդ կողմ, այդ դեպքում էլ նկատի առնելով այդ կապակցությամբ մամուլում հայտնված տեղեկություններն ու նույնիսկ լուսանկարները՝ ռուսաստանցի իրավապահ-ինստրուկտորների վերաբերյալ:
Թե՞ Քոչարյանն ընդամենը փորձում էր իր առաջարկն անել Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին, ցույց տալով, թե իրավիճակից այդուհանդերձ համատեղ ելք կա:
Lragir.am