Search
Close this search box.

Արփինեն դյութեց երիտասարդ դաշնակին

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:

ԶԼՄ-ները նկատել են ՀՅԴ այս երկդիմի պահվածքը, նշելով, որ ընդամենը մի քանի օր առաջ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել ռեյթինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա ՀՅԴ դեպքում նորություն չէ՝ բազմաթիվ անգամներ այս կուսակցությունը կողմ ըլլալով դեմ է եղել եւ հակառակը՝ կոալիցիային ու պաշտոններին մուննաթ: Ու միշտ մի պատճառաբանություն է գտել, որից ոչ ոք ոչինչ չի հասկացել:Այս անգամ սակայն պատճառը բավական հետաքրքիր է: Ըստ Ժողովուրդ թերթի՝ ՀՅԴ-ականի քվեարկության հարցում մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Անդրանիկ Կարապետյանը թերթի հետ զրույցում իր քվեարկությունը մեկնաբանելիս անընդհատ ցիտել է Արփինեի խոսքերը:

Սա հետաքրքիր հանգամանք է, հաշվի առնելով ՀՅԴ-Արփինե Հովհաննիսյան հարաբերությունների նախապատմությունը: Ժամանակին օրինակ Արմեն Ռուստամյանն իրեն այնպես էր պահել, որ ԱԺ այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ էր արել չվիրավորել օրիորդին: Իսկ անցյալ տարի նույն Անդրանիկ Կարապետյանը Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած հակակոռուպցիոն օրենքի նախագծի դեմ էր հանդես եկել, այն անվանելով գործ տվողի մասին օրենք: Ու կոչ արել դառնալ ոչ թե գործ տվող, այլ մնալ հայ:

Ի դեպ, ՀՅԴ-ն դեմ չքվեարկեց այդ օրենքին:

Դաշնակներն այդպես էլ «հայ մնացին» ու կմնան՝ որտեղ կոալիցիա՝ այնտեղ էվոլյուցիա, բայց երեւի կառույցներին ուղղված գաղտնի շրջաբերականներից մեկում համենայնդեպս կգրեն՝ «Հեռու մնացեք Արփինեից, նրա պատճառով մենք մեր սկզբունքներից հետ ենք կանգնում»:

Lragir.am