Search
Close this search box.

Հանրության սերը փողով չես գնի. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Լիլիթ Կարապետյանը: Նրանից հետաքրքրվել ենք վերջին ամիսների էկրանային լռության պատճառներից, ինչպես նաև խոսել այսօրվա հայկական շոու բիզնեսի մասին:

«Լռությունս իսկապես միայն էկրանային է, քանի որ շարունակում եմ ամեն օր երգել երևանյան ակումբներից մեկում: Ինչ վերաբերվում է նոր երգին և տեսահոլովակին, որը կչեղարկի էկրանային լռությունս, ապա ասեմ, որ դա ևս աչքաթող չեմ արել, և այս պահին սպասում եմ երգահաններին, որոնց արդեն իսկ խնդրել եմ ինձ համար մի նոր երգ գրել: Խոսել եմ իմ լավ ընկերներ Ռիչարդ Մադլենյանի, Րաֆֆի Ալթունյանի և Էդգար Ալեքսանյանի հետ, խնդրել եմ ինձ համար մի լավ երգ ստեղծեն, այնպես որ նրանցից լավ լուրի եմ սպասում»,- նշեց Լիլիթն ու պատմեց, որ վերջերս իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե իր երկրպագուները առաջիկայում ի՞նչ ոճում են ուզում իրեն տեսնել:

 «Որոշեցի դիմել երկրպագուներիս` հարցնելով` արագ, թե դանդաղ ռիթմերով երգ են ուզում ներկայացնեմ: Արդյունքում պարզեցի, որ նրանք պարային, ռիթմիկ երգ են ուզում: Առջևում անպայման նման երգ կլինի, բայց քանի որ ինքս ավելի շատ դանդաղ, սիրային, մելամաղձոտ երգեր եմ սիրում, որը նաև համապատասխանում է իմ ոճին, այդ պատճառով կփորձեմ բավարարել նաև իմ ցանկությունները, և ռիթմիկ երգ ու տեսահոլովակ թողարկելուց հետո, դանդաղ երգ էլ ներկայացնել: Ամեն դեպքում կա նաև մի պարզ ճշմարտություն, որ երգերի ստեղծման վրա երգիչները բավականին մեծ գումարներ են ծախսում: Ակտիվ երգերն ավելի շատ են եկամուտ բերում երգչին, այդ պատճառով պետք է աշխատել, որպեսզի մտածես և շահութաբերության, և անձնական նախընտրությանդ մասին,- պատմեց երգչուհին:
Լիլիթ Կարապետյանն այն քիչ երգչուհիներից է, ում երգացանկում չկան հարսանեկան թեմատիկ երգեր, որոնք, որպես կանոն, մեծ եկամուտ են ապահովում: Հարցին, թե ինչո՞ւ Լիլիթը նման երգեր չի ներկայացնում, պատասխանեց.

«Հայկական ռիթմերով երգեր շատ եմ սիրում, միջոցառումների ժամանակ ինքս էլ հաճույքով դրանց ներքո ուրախանում եմ, բայց նման երգեր ինքս չեմ կատարի, քանի որ դրանք չեն համապատասխանում իմ ոճին: Ես երբեք ոչ մեկին չեմ քննադատել, դեմ չեմ խոսել 6/8 չափի երաժշտությանը, և երբեք չեմ ընդունել այն երգիչ-երգչուհիներին, ովքեր քարկոծում են իրենց կոլեգաներին նման երգեր կատարելու համար: Դա ոչ մեկի խնդիրը չէ, եթե չեն ցանկանում իրենք երգեն, թող չերգեն, ինչպես ինքս եմ անում: Ես միայն դեմ եմ եղել թուրքական մելիզմներին, թուրքական լադին: Անձամբ ես երբեք իմ ոճը չեմ փոխել, և չեմ կարծում, որ ինձ կհամապատասխաներ նման երաժշտությունը: Ապագայում կարող եմ ինքս էլ տոնական շնորհավորանքի երգ կատարել, բայց դա անպայման պետք է իմ ոճում լինի: Այսինքն` դա կլինի զուտ շնորհավորանք, որի մեջ չի շեշտվի հարսանիք, կնունք և նման այլ երևույթները»:

 Խոսելով այսօրվա հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակի մասին` Լիլիթ Կարապետյանը նշեց, որ այսօր ավելի հեշտ է հայտնի դառնալ, բավական է միայն գումար ունենալը, իսկ տարիներ առաջ ամեն մեկին դա չէր տրվում, և իրենք «Արձագանք ստուդիայի» և ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում: Հենց այդ դանդաղ, բայց վստահ քայլերն էլ, Լիլիթի խոսքով, նրան և իր կոլեգաներին ապահովեցին մշտականություն հայկական շոու բիզնեսում:

«Մեր հիմքն իսկապես շատ ամուր է եղել: Մենք ինքնուս ստեղծագործող մարդիկ էինք, որոնք եկան այս ասպարեզ, երբ չունեին մեծ գումարներ, չկար համացանց, բայց կարողացան հայտնի դառնալ և ձեռք բերել հանրության սերը, որը, փառք Աստծո, մշտական դարձավ: Այո, այսօր գումարով շատ երգեր կարող ես թողարկել, բայց հանրության սերը փողով չես գնի: Իմ ստեղծագործական կյանքում եղել են նաև միջանցիկ դադարներ, բայց փառք Աստծո, չեմ մոռացվել և դա վերագրում եմ հենց այս ասպարեզում իմ հիմքին»,- նկատեց նա:

Հարցին, թե երգչուհին ի՞նչ գնահատական կտա մերօրյա հայկական շոու բիզնեսին, պատասխանեց.

«Ես ոչ մեկի չեմ մեղադրում, ինձ իրավունք չեմ վերապահում այդ ոլորտում այսօրվա թերացումները բարդել կոնկրետ մարդկանց վրա: Ըստ իս` այդ ամենի պատճառը մեր երկրում տիրող վիճակն է: Կարծում եմ` այսօր ոչ մի ոլորտ իր տեղում չէ, քանի որ ամեն մեկն իր գործով չի զբաղվում: Եթե բժիշկը բժկություն աներ, հաղորդավարը` միջոցառոմներ վարեր, երգչն էլ երգեր, այլ ոչ թե նրանք և այլ մասնագետներ տարբեր գործերով զբաղվեին, ապա գուցե ամեն ինչ շատ ավելի լավ լիներ: Մեր ոլորտը չարիքի փոքրագույնն է, այսօր գումարով ավարտած բժիշկը խաղում է մարդկանց կյանքի հետ, մենք գոնե կյանքեր չենք վնասում: Ամեն դեպքում, այս ամենը ինձ իսկապես շատ է հուզում ու ցավ պատճառում»:

Արդեն քանի տարի է, ինչ Լիլիթն իր անձնական կյանքը մղել է երրորդ պլան` առաջին տեղը հատկացնելով որդուն, երկրորդը` սիրելի աշխատանքին: Հարցին, թե երգչուհին չի՞ ցանկանում վերջապես մտածել նաև անձնական կյանքի մասին, պատասխանեց.

«Իսկապես, անձնական կյանքս երրորդ պլանում է, բայց այդ հարցում երբեք չեմ փոշմանել: Այո, իմ կյանքը ես նվիրեցի կարիերային, հետո նաև որդուս, ով կյանքիս իմաստն է, բայց երևի ամեն կին էլ երեխայից հետո մոռանում է իրեն: Երգավեստի պատճառով ամբողջ կյանքում անձնականս տուժել է, բայց դրա համար ես չեմ զղջում: Կարծում եմ` կյանքը դեռ առջևում է և ես կարող եմ դեռևս երջանիկ լինել: Իսկ եթե հանկարծ չգա այդ պահը, ուրեմն այդպես էր պետք: Ես հավատում եմ ճակատագրին, թեև ընդունում եմ նաև, որ մենք ազատ ենք մեր որոշումներում»:

life.panorama.am