Search
Close this search box.

Ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու կրկնակի արծաթե մեդալակիր ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Ավդալյանը վնասվածքների պատճառով երկար ժամանակ չէր մարզվում եւ գիտակցում էր, որ գուցե այլեւս չվերադառնա մեծ սպորտ, սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ իր վերջին զրույցում ասել էր, որ այնուամենայնիվ եւս մեկ մրցաշարի՝ աշխարհի 2018 թ. առաջնությանը մասնակցելու ցանկություն ունի:

2017-ին գյումրեցի մարզուհին ուսի, մեջքի ու ծնկի վնասվածքներ ուներ: Դրանք նրան ոչ միայն սպորտում, այլեւ առօրյայում էին խանգարում: Ժամանակ առ ժամանակ վերականգնողական կուրսեր էր անցնում, սակայն թե ինչ արդյունք կտային, չգիտեր:

69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը Եվրոպայի արծաթե մեդալակիր է դարձել 2007 թ. Ստրասբուրգում եւ 2009 թ. Բուխարեստում: Չեմպիոն է դարձել 2008 թ. Լինյանո Սաբյադորոում եւ 2016 թ. Ֆորդեում:

Աշխարհի չեմպիոն է դարձել 2009 թ. Հարավային Կորեայի Գոյան քաղաքում: Նա դարձել է անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհի առաջին չեմպիոնը եւ ընդհանրապես հայկական սպորտի պատմության առաջին կին աշխարհի չեմպիոնը:

2011 թ. ապրիլի 26-ին նա Գյումրիում ավտովթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով մի շարք մարմնական վնասվածքներ ստացավ: Բժիշկները խորհուրդ չէին տալիս մնալ սպորտում, սակայն նա որոշեց վերադառնալ:

Մոտ 5 տարի դադարից հետո մրցահարթակ վերադարձավ 2015 թ.: Մասնակցեց Հյուստոնի աշխարհի 2015 թ. առաջնությանը եւ զբաղեցրեց 14-ր տեղը: 2016-ին այդքան փորձություններից հետո 2-րդ անգամ կարիերայում դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Վերջին անգամ Նազիկը մրցահարթակ է դուրս եկավ Ռիո 2016-ում: Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: