Search
Close this search box.

Կարող է ռեկտորը որոշում է, որ ալրաղացի Վալոդը պետք է լինի գիտխորհրդում,էս ինչ աջաբսանդալ եք սարքել

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 21-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրները թեմայով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսեց կրթական համակարգի կոռուպցիայի մասին. «Դեռ երկու տարի առաջ ես ինքս դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից, քանի որ մեր ներկայությունը այնտեղ, բացի գալոչկայից, այլ բան չէր տալիս։ Ոչ մեկը չհետևեց իմ քայլին»:

Դիմելով ԿԳ նախարարին՝ պատգամավորն ասաց. «Ես շատ ավելի ամբիցիոզ օրենք էի սպասում։ Օրենքում նշել եք, որ ռեկտորն է որոշելու, թե գիտխորհրդի կազմում ով պետք է լինի։ Կարող է ռեկտորը որոշում է, որ ալրաղացի Վալոդը պետք է լինի գիտխորհրդում։ Սա ինչ-որ կերպ կարգավորվելո՞ւ է, թե՞ ոչ»:

Զոհրաբյանի խոսքով՝ գաղափարը լավն է, սակայն այն շատ հանգիստ կարող է այլասերվել, ինչպես արվում է կլասիկ շատ գաղափարների դեպքում:

«Ոսկերչական ճշգրտությամբ պետք է ճիշտ լուծումը գտնենք, որպեսզի և՛ վաստակաշատ գիտնականներին չկորցնենք, և՛ երիտասարդների առջև դուռ չփակենք»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց. «Օրենքի մի դրույթը հիմա է ուժի մեջ մտնում, մյուսը՝ 2025-ին. էս ինչ աջաբսանդալ եք սարքել` մի դրույթը հիմա, մյուսը երևի հաջորդ դարում է ուժի մեջ մտնելու: Եթե չլինի քաղաքական կոնսենսուս, այս օրենքը չպետք է ընդունվի»։