Search
Close this search box.

Վտանգը Երեւանի գլխին. շրջադարձի հնարավորություն

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ ցանկանում է շանտաժի եւ ահաբեկման միջոցով նպատակային խոչընդոտել Ռուսաստանի եւ այլ երկրների ռազմա-տեխնիկական գործակցությունը: Նա այդ համատեքստում է գնահատել Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ արդեն իսկ չեղարկվել է ՌԴ հետ այդ ոլորտում 3 միլիարդի պայմանագիր:
Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ դիվանագետի այդ հայտարարությունը «քաղաքական գովազդ» է, որի նպատակը այլ երկրների հետ ՌԴ ռազմա-տեխնիկական գործակցությունը բարդացնելն է:
ԱՄՆ այդ քաղաքականության նպատակները տեղավորվում են ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ: Ռուսաստանին ցանկանում են թուլացնել եւ բերել խաղի կանոնների ընդհանուր դաշտ:
Այդ տեսանկյունից, տնտեսական հետեւանքը իր վրա զգում է նաեւ Հայաստանը, թեեւ ԱՄՆ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Երեւանին տնտեսական հնարավոր կորուստները փոխհատուցելու ուղիների հարցում:
Օրերս սկսեց խոսակցություն այն մասին, որ Հայաստանը կարող է զգալ նաեւ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ գործ ունեցողների հանդեպ ԱՄՆ պատժամիջոցի հետեւանքը: Հայկական մամուլում տարածվեց տեղեկություն, թե ԱՄՆ զգուշացրել է Հայաստանին այդ պատժամիջոցների վերաբերյալ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել էր, որ Երեւանին փոխանցվել է այդպիսի տեղեկություն: Միեւնույն ժամանակ, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր նաեւ, որ այդպիսի զգուշացում ԱՄՆ փոխանցել է բազմաթիվ այլ երկրների:
Ըստ այդմ, խնդիրը դիվանագիտական պրակտիկան է, երբ Նահանգները ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցություն իրականացնող պետություններին եւ ընկերություններին զգուշացնում է իրենց օրենսդրության մեջ կատարված փոփոխության եւ պատժամիջոցի հավանականության մասին: Դա ավելի շուտ հնարավոր է գնահատել նույնիսկ ոչ միարժեք զգուշացում, այլ գուցե իրազեկում:
Մնացյալն ակնառու է, որ ԱՄՆ որոշումը յուրաքանչյուր պետության կամ ընկերության դեպքում կախված է լինելու շատ կոնկրետ իրավիճակից, եւ պատժամիջոցները սահմանվել են հենց այդ նկատառումով, ոչ թե անվերապահ բոլորի վրա տարածելու սկզբունքով:
Ըստ այդմ, Երեւանի մասով հնարավոր հետեւանքի առնչությամբ Հայաստանում առաջացած աղմուկը թերեւս չունի պրակտիկ հիմքեր: Ավելին, բավական շոշափելի են հակառակի քաղաքական հիմքերը, նկատի ունենալով այն, որ Հայաստանը պատժամիջոցի ենթարկելու դեպքում ԱՄՆ պարզապես հարված կհասցնի Հայաստանի եւ ռեգիոնալ անվտանգությանն ու կայունությանը:
Այլ է հարցը, եթե ԱՄՆ-ն հայտնի պատրաստակամություն, որ Հայաստանին կընձեռի ռազմա-տեխնիկական գործակցության համարժեք ծավալային եւ գնային այլընտրանքի հնարավորություն: Հակառակ պարագայում, Հայաստանն ու անկասկած Ադրբեջանն էլ ներառելով պատժամիջոցի տիրույթ, ԱՄՆ Բաքվին կտա ռազմական դիվանագիտության «երկրորդ շնչառության» եւ Հայաստանի հանդեպ առավելության շանս, հաշվի առնելով Ադրբեջանի ֆինանսական օբյեկտիվ գերակայությունը:

Ներկայում, մասնավորապես ապրիլյան քառօրյայից հետո, տարածաշրջանում վերականգնված է ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական համընդհանուր հավասարակշռությունը, որում էական քայլեր արել է թե Հայաստանի իշխանությունը, թե Ռուսաստանը, թե ԱՄՆ: Այդ քայլերի հիմքը քառօրյայի իր սխրանքով գցել է Հայաստանի զինուժ-հասարակություն դաշինքը:
Միեւնույն ժամանակ աներկբա է, որ խնդիրը օրվա ժամանակացույցը չէ, այլ, ինչպես համարժեք ձեւակերպել է նաեւ պաշտոնական Երեւանը՝ «վաղվա պատերազմին» պատրաստ լինելը: Միայն այդ ռեժիմում Երեւանը կկարողանա անհրաժեշտ արդյունավետությամբ զսպել Բաքվի ագրեսիվությունն ու հետեւաբար պատերազմի վտանգը:
Այստեղ էլ առկա են մի շարք հարցեր, եթե դիտարկենք պատժամիջոցի հիպոթետիկ բարձր հավանականությունը: Հայաստանին ռազմա-տեխնիկական ծավալային ու գնային, ֆինանսական այլընտրանք ապահովելը անկասկած կոճակ սեղմելու հարց չէ, նկատի ունենալով այն, որ հայկական բանակի զինանոցը տարիներ շարունակ օբյեկտիվորեն գերկենտրոնացել է ռուսական սպառազինության վրա, եւ այստեղ աղբյուրի փոփոխությունը պահանջում է նաեւ ամբողջական զինանոցի ադապտացիա նոր աղբյուրին, ինչը թե տեխնիկական, թե կադրային ահռելի ու ժամանակատար աշխատանք է: Անկասկած ոչ անհնար, բայց ահռելի եւ ժամանակատար: Ավելին, փաստացի պատերազմի առկայությունն ուղղակի հրամայական է դարձնում այդպիսի զարգացման դեպքում խիստ սահուն անցումը՝ վակուում թույլ չտալու համար, որից կօգտվի Ադրբեջանը:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից սպառազինության նշանակալի ծավալի ձեռքբերման արգելքը Հայաստանին եւ Ադրբեջանին անհավասար պայմաններում կդնի ժամանակի ընթացքում: Խնդիրն այն է, որ ներկայիս՝ հետապրիլյան ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական բալանսը թերեւս տվել է առաջիկա մի քանի տարիների համար Ադրբեջանին զսպելու որոշակի կայուն միջակայքի հնարավորություն:
Այլ կերպ ասած, Հայաստանը ձեւավորել է այլընտրանքի սահուն որոնման եւ անցման ժամանակային, տարածական միջակայք: Տվյալ պարագայում խնդիրը այդ միջակայքը արդյունավետ օգտագործելն է, ինչը պահանջում է արդյունավետ աշխատանք ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ: Ընդ որում, այդ աշխատանքը անշուշտ չպետք է կատարվի ՌԴ հետ աշխատանքի հաշվին:
Խնդիրը Հայաստանի համար հավելյալ հնարավորության ձեռքբերումն է, որը նաեւ անվտանգության ՕՕԳ բարձրացման խնդիր է: Վերջին հաշվով, ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակը, միեւնույն ժամանակ նաեւ Ռուսաստանի թույլ տված մի շարք վրիպումները՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության մասով, Երեւանին բավարար փաստարկային հիմք են տալիս Մոսկվային ասելու, որ Երեւանը չի կարող իրեն թույլ տալ դե ֆակտո պատերազմի եւ Երեւանի հանդեպ Ալիեւի հավակնության պայմաններում մնալ ամերիկա-ռուսական դիմակայությունից կախված եւ չունենալ ռազմա-տեխնիկական հուսալի այլընտրանք, գտնվելով այդ դիմակայության սրման հետեւանքների վտանգավոր ազդեցության գոտում:
Այլ կերպ ասած, խնդիրն այն չէ, որ Երեւանը կանգնած է պատժամիջոցի վտանգի առաջ: Խնդիրն այն է, որ զուտ այդ իրողությունն ինքնին Երեւանի համար ոչ միայն վտանգ է, այլեւ հնարավորություն՝ դուրս գալ ռազմա-քաղաքական առավել կենսունակ դիրք, չդառնալով ամերիկա-ռուսական դիմակայության կողմ, մյուս կողմից սակայն չմնալով որեւէ կողմի հաջողությունից կամ անհաջողությունից կախված:
Այդ իմաստով ուշագրավ է բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի նախաձեռնությունը, որ հռետորական եւ թղթաբանական մակարդակում ներկայում առկա է: Ի՞նչ դրսեւորում եւ դինամիզմ կունենա այն իրական քաղաքականության մակարդակում:

Lragir.am