Search
Close this search box.

Անձնական ու ծանոթների շահից վեր կանգնենք .ԿԳ նախարարը ահազանգ է հնչեցնում

Բարձրագույն կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ ենթադրող օրենքի նախագիծ է առաջիկայում ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը: Այս մասին այսօր խորհրդարանում «Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ» խորագրով լսումների ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Լևոն Մկրտչյանն անդրադարձավ գիտության ոլորտի խնդիրներին, ասաց, որ երիտասարդ գիտնականներն արտագաղթում են: Պատճառներից մեկն այն է, որ, ըստ նախարարի, գիտության հատվածում խիստ անձնավորված է ամեն ինչ:
«Կոչ եմ անում բոլորին անհատական, անձնային, ծանոթական այդ համակարգից մի քիչ վեր կանգնել և հասկանալ կրթական համակարգի ու գիտության ապագան 5 տարի հետոյի կտրվածքով: Եթե մի երկրում գիտության մեջ ներգրավվածների 35-55 տարիքի հատվածը, որն ապագան է, 6 տոկոս է, իսկ 65 տարեկանից բարձրերի հատվածը 36 տոկոս է, այդտեղ մենք խնդիր ունենք: Այսինքն՝ շարունակականությունն ու փոխանցելիությունն սկսում է խզվել: Ավագ սերունդը պետք է ապահովի, որ երիտասարդներն իրենց փոխարինեն: Եթե համալսարանական ամբիոնների 30 տոկոսը 65 տարեկանից բարձր անձինք են ղեկավարում, և մարդը, ով արդեն դառնում է 45 տարեկան և այլևս երիտասարդ չէ, հասկանում է, որ ինքն այլևս որևէ շանս չունի լաբորատորիայի կամ ամբիոնի վարիչ դառնալու, նա իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ է ներդնում: Եվ հաճախ ներդնում են Հայաստանից դուրս»,- ահազանգեց նախարարը:
Լևոն Մկրտչյանն ասաց, որ Հայաստանից հեռացած 35-55 տարեկան մասնագետների վիճակագրությունն ունի, մտահոգիչ թվեր են, որոնք չի ուզում հնչեցնել:
«Ես կոչ եմ անում պատասխանատվությամբ նայել այս թվերին: Մենք չենք կարող հետագա սերունդներին պատասխան տալ, թե ինչու կորցրեցինք 70-80 տարի կուտակված գիտական հզոր պոտենցիալը»,- նշեց նախարարը: