Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլյան պատերազմի մասնակից սպան սեփական մարմնով փրկեց իր զինվորի կյանքը. Տիգրան Պողոսյանն այսօր կդառնար 26 տարեկան

Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի Հոռոմ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 2010 թվականին ընդունվում է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ հետո ծառայության է անցնում  ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Նա զբաղվել է նաև կինգ բոքսով:

2016 թվականի ապրիլի 2-ից նա պայքարի մեջ մտնում ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը. «Տիգրանիս զինվորներն են պատմում, որ Տիգրանն այդ օրը ներսն է եղել, կրակոցների ձայն է լսել, ելել է, վազել է, նայել է դիրքերը։ Ասել է գնամ, տեսնեմ, թե թուրքերը հո երկրորդ գիծ չեն մտնում, էդ ժամանակ էլ խփել են իրեն, ընկել է շպալների վրա, փաթաթվել է կողքի զինվորին, որը վիրավոր ընկած է եղել։ Զինվորը շուտ էր վիրավորվել, բայց ծառայում էր»,-նշում է Տիգրանի հայրը՝ տեղեկացնելով, որ Տիգրանը երկու անգամ կարողացել է կանխել դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ծնողների փոխանցմամբ՝ Տիգրանը մեծ սիրով էր ծառայում հայրենիքին, անչափ նվիրված էր իր գործին, սիրում էր Արցախը: Ուներ նաև սիրած աղջիկ և մտադիր էր նշանվել նրա հետ 2016թ.-ի աշնանը:

Այսօր արդեն այն դիրքը, որտեղ զոհվել է Տիգրան Պողոսյանը, անվանակոչվել է սպայի անունով։

2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

ArmLife.am