Search
Close this search box.

Դեղատնից դեղ ստանալու նոր կարգ. ԱՆ

Հայաստանում գրանցված 4 723 դեղից 3 632-ը մոտ ապագայում վաճառվելու է միայն դեղատոմսով: Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է 2017թվականի նոյեմբերի 9-ին:

Միայն դեղատոմսով դեղ բաց թողնելուն անցումը, սակայն, նախատեսվում է կատարել աստիճանաբար: Առողջապահության նախարարությունում հրավիրված բրիֆինգի ժամանակ տեղեկացվել է, որ մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն մնացած բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող:

Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության` http://moh.am/#1/1033 պաշտոնական կայքէջում:

Կառավարության որոշմամբ, փոխվելու է նաեւ դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու կարգը: Ըստ այդմ, դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով եւ դեղաձեւով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին:

Սահմանվում է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի տրամադրվող դեղերի համար: Որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվելու է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, նշենք, որ թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

Առողջապահության նախարարարությունը նաեւ տեղեկացնում է, որ «Դեղերի մասին» օրենքը հստակ պատասխանատվություն եւ պատժամիջոցներ է նախատեսում սահմանված դրույթները չկատարելու եւ դրանք խախտելու դեպքերում։ Նշվում է, որ առողջապահական տեսչական մարմնի վերջնական կազմավորմամբ այս գործընթացները կլինեն պետական վերահսկողության ամենակարևոր գործառույթներից մեկը։ Գերատեսչությունը նաեւ հավելում է, որ ամբողջ աշխարհը շարժվում է այս ճանապարհով։

«Նոր կարգը միտված է ոչ միայն բացառելու ինքնաբուժումը, այլեւ բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում պատասխանատվության ավելացմանը»,- հայտարարում է առողջապահության նախարարությունը: