Search
Close this search box.

Դստեր հետ կամրջից նետված կնոջ ու նրա մոր աշխատավարձը 6 ամիս պետք է պահպանվեր. ԱԻՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատում են մեր տեղեկությունը, որ Երեւանում 9-ամյա դստեր հետ կամրջից նետված Գայանե Հարությունյանն ու նրա մայրը վերջերս աշխատանքից ազատվել են նշված նախարարությունում հաստիքների կրճատման հետեւանքով՝ հոկտեմբերին լուծարվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը, որտեղ էլ աշխատում էին Գայանեն ու նրա մայրը, բայց նաեւ ընդգծում են, որ նրանց աշխատավարձը օրենքով սահմանված կարգով պահպանվելու էր վեց ամիս:

Հանրությանը ցնցած այս դեպքից հետո հակասական տեղեկություններ էին տարածվում: Նշվում էր նաեւ, որ միայնակ մայրը չի կարողացել հոգալ երեխայի կարիքները եւ սոցիալական խնդիրների հետեւանքով է փոքրիկի հետ դիմել այդ քայլին: Նրանց ճանաչողները, սակայն, այդ թվում մոր հետ կամրջից նետված Անահիտի դպրոցում, մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ նրանք սոցիալական ծանր խնդիրներ չունեին: Այդուհանդերձ, մեզ հաջողվել էր պարզել, որ Գայանե Հարությունյանի ու նրա մոր զբաղեցրած հաստիքները վերջերս կրճատվել են: Նշել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով Գայանեն դիմել է ԱԻ նախարարին եւ խնդրել ընտանիքում երկուսին միանգամից գործազուրկ չդարձնել: Ամուսնալուծված Գայանեն դստեր հետ ապրում էր ծնողների տանը:

Նախարարության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ Գայանեն եւ նրա մայրը ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածի համաձայն՝ հոկտեմբերի 18-ից տեղափոխվել են Քաղաքացիական ծառայության կարճաժամկետ ռեզերվ, ինչը նշանակում է, որ շուրջ 6 ամիս նրանք շարունակելու էին ստանալ իրենց աշխատավարձը՝ առանց որեւէ փոփոխության եւ համարվում էին քաղաքացիական ծառայող՝ հնարավորություն ունենալով նշանակվելու քաղաքացիական ծառայության մեկ այլ պաշտոնի:

ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը մեզ հետ զրույցում նաեւ հաստատեց տեղեկատվությունը, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդառաջելով իր մասնագիտական գործունեությունը համակարգում շարունակելու Գայանե Հարությունյանի դիմումին՝ հանձնարարել է նրան աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային սեյսմակայունության կենտրոնի հատուկ, կարեւոր եւ ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատման առաջատար մասնագետի պաշտոնում, որտեղ աշխատել է 2017թ.-ի դեկտեմբերի 1-ից: Ընդ որում, ըստ Նանա Գնդոյանի, հաշվի առնելով Գայանեի աշխատանքային փորձը նախարարությունում, նրան ընդառաջել են եւ նշանակել զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ, քան նախատեսված է ՊՈԱԿ-ում առաջատար մասնագետի պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է Գայանեի մոր ֆինանսական կարգավիճակին, նախարարությունից տեղեկացնում են, որ 2018թ.-ի ապրիլին լրանում է նրա կենսաթոշակային տարիքը եւ նա կենսաոշակի էր անցնելու քաղաքացիական ծառայության ռեզերվում իր ամբողջական աշխատավարձը ստանալուց հետո:

ԱԻ նախարարության խոսնակը նաեւ հավելեց, որ գերատեսչությունում առհասարակ եւ ՊՈԱԿ-ում մասնավորապես ընդունված է հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցել աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ աշխատակիցները դիմել են որեւէ հարցի վերաբերյալ ֆինանսական օգնություն ստանալու համար եւ երբեւէ նախարարության աշխատակազմը չի մերժել աջակցելու, սակայն Գայանեի կողմից անգամ նման դիմում չի եղել»:

Մանրամասը՝ թերթի փետրվարի 20-ի համարում: