Search
Close this search box.

«Հրապարակ». Գրիշա Վիրաբյանին ոչ թե «կաշառք» առաջարկելու փաստն է վրդովեցրել, այլ գումարի չափը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրիշա Վիրաբյանն ասել է, որ Դուք իրեն կաշառք եք առաջարկել, եղե՞լ է այդպիսի բան՝  հարցրինք նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին:

«Նախ՝ նման հարցադրումն ինքնին, անհեթեթ է՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած մարդ գիտի` կաշառքը (Քրօր. 111, 112 հոդվածներ) պաշտոնատար անձին տրվող վարձատրությունն է ինչ-որ գործունեության կամ անգործության դիմաց, իսկ Գ. Վիրաբյանը կարծես թե պաշտոնատար անձ չէ, եւ կաշառքի մասին խոսելն այս դեպքում անհեթեթություն է»:

Իրավաբանորեն հասկացանք, այնուհանդերձ, գումար առաջարկե՞լ եք. «Ոչ միայն Վիրաբյանին, այլեւ շաբաթվա ընթացքում երեք-չորս անձի հետ, որպես Եվրոպական դատարանում պետության ներկայացուցիչ, բանակցում եմ` դատարանում առկա գործերը հաշտությամբ լուծելու համար, ինչն իմ կոնվենցիոն պարտավորությունն է, ՄԻԵԴ կոնվենցիան ուղղակի սահմանում է, որ յուրաքանչյուր գործ կողմերը պետք է լուծեն բարեկամական կարգավորման եղանակով»:

Այսինքն՝ ամեն ինչ անում եք, որ գործը չհասնի վերջնական վճռի, իսկ հաճա՞խ եք այդպես «բարեկամանում» կողմերի հետ: «Շատ»:

Իսկ Վիրաբյանին «բարեկամության» դիմաց ինչքա՞ն էիք առաջարկել: «Թող ինքը հրապարակի»:
Կարո՞ղ է քիչ էիք առաջարկել, դրա համար էլ «չբարեկամացաք»: «Ցավալիորեն, բանակցություններն ընդհատվեցին հենց այդ հիմքով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: