Search
Close this search box.

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ-ն հրամայել է խլացնել բջջային կապը Սիրիայի ռուսական բազաներում

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի որոշմամբ Սիրիայի տարածքում ՌԴ ռազմաբազաներում բջջային կապի 2G և 3G ցանցերը կխլացվեն: Ռուսաստանյան РБК-ի տվյալներով՝ որոշումը կայացրել է ՌԴ ԶՈւ ԳՇ 8-րդ վարչության պետ, գեներալ Յուրի Կուզնեցովը, գրում է razm.info-ն:

Ըստ այս տեղեկության՝ 2G և 3G ցանցերի խլացումը իբր կապված է վերջին շրջանում Սիրիայում ՌԴ «Հմեյմիմ» և «Տարտուս» բազաների վրա հարձակման հետ, որի ընթացքում անօդաչու թռչող սարքեր էին կիրառվել:

ՌԴ ԶՈւ ԳՇ կարգադրության մեջ խոսք է գնում նաև անձնական սմարթֆոնների և համակարգիչների օգտագործման դեմ ուժեղացված պայքարի մասին: Նախատեսվում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները պետք է անձնական օգտագործման տեխնիկական միջոցների» առգրավման դեպքում զգուշացնեն ռազմական ոստիկանությանը:

Հավելենք, որ, հավանաբար, այս որոշումը կապված է ՌԴ ՊՆ-ի վերջին «խորհրդի» հետ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը զինծառայողներին «խորհուրդ էր տալիս» հրաժարվել սոցիալական ցանցերից, չհրապարակել ծառայության մասին տեղեկություն:

ՌԴ ՊՆ-ն արդեն իսկ սրա հետ կապված նախատեսում է համապատասխան փոփոխություններ իրականացնել «Զինապարտության և զինվորական ծառայության», «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում: Այժմ ընթանում է երկրի ուժային կառույցներում այդ փոփոխություների համաձայնեցման գործընթացը: