Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը գնում է պատերազմը կանխելու

Սերժ Սարգսյանը մեկնում է Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենում կայանալիք անվտանգության ամենամյա համաժողովին: Այն տեղի է ունենում փետրվարի 16-18-ը: Նախատեսված է Սերժ Սարգսյանի ելույթը: Չկան մանրամասներ, առայժմ, թե համաժողովի շրջանակում ինչ երկկողմ հանդիպում է նախատեսված:
Հետաքրքիր է նաեւ, թե երբ է որոշվել Սերժ Սարգսյանի մասնակցության հարցը: Նախապես ազդարարված չէր, որ Սարգսյանի ժամանակացույցով փետրվարի 17-ին լինելու է այց Գերմանիա, անվտանգության Մյունխենի համաժողով: Դա հի՞մք է ենթադրելու, որ Սարգսյանի մակարդակով մասնակցությունը որոշվել է վերջին պահին կամ վերջին օրերին:
Արդյոք Սարգսյանի մասնակցության համար հիմք է եղել Ադրբեջանի նախագահի վերջին օրերի հայտարարությունը Երեւանի մասին, կամ ընդհանրապես հնարավոր լարվածության կամ պատերազմի մասին աշխուժացած կանխատեսումները: Թե՞ մասնակցության պատճառը կամ առիթներն ավելի ընդգրկուն են եւ ներառում են անվտանգության առավել լայն դիապազոն, ներառյալ Մերձավոր Արեւելքի իրավիճակը, Թուրքիայի քաղաքականությունը, ընդհուպ նախօրեին ամերիկա-թուրքական հանդիպումը՝ Թիլերսոնի այցը Անկարա, որի ընթացքում կողմերը հայտարարեցին հարաբերությունը կարգավորելու պայմանավորվածության մասին:
Խոշոր հաշվով, Մյունխենի անվտանգության համաշխարհային համաժողովի մասնակցության պատճառների պակաս ներկայում չկա, եւ այդ իմաստով իհարկե առավել դժվար է գտնել չմասնակցելու պատճառ: Մյունխենի համաժողովը գործնականում անվտանգության հարցերի «Դավոսն» է, եւ գերմանական քաղաքում հավաքվում է համաշխարհային ռազմա-քաղաքական ընտրախավը:
Ինչ է ասելու նրանց Սերժ Սարգսյանն իր ելույթով, ինչ ազդակներ է հաղորդելու, Հայաստանի համար անվտանգության ինչ առաջնահերթություններ կմատուցվեն համաշխարհային ռազմա-քաղաքական էլիտային:
Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ հղել է մի ազդակ՝ հայկական բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որն այլ բան չէ, քան գործնականում Հայաստան-ԵՄ կամ Հայաստան-Արեւմուտք հարաբերության «ռազմա-քաղաքական» համապարփակ համաձայնագիր, նոյեմբերի 24-ին ստորագրված տնտեսա-քաղաքական համաձայնագրի ռազմա-քաղաքական «հավելված»:
Խնդիրն այն է, որ հայկական բանակի արդիականացումն ուղիղի համեմատական է Կովկասի անվտանգության համակարգի արդիականացմանը, որպես եվրաատլանտյան անվտանգության համակարգի առանցքային օղակ: Այդ օղակը պահվում է հայկական զինուժի օգնությամբ, հայկական անվտանգության համակարգի օգնությամբ, եւ այստեղ անշուշտ փոքր Հայաստանն ունի այդուհանդերձ շոշափելի դեր, լինելով ոչ միայն անվտանգության սպառող, այլ նաեւ անվտանգություն ստեղծող, արտադրող, նաեւ մատարակար:
Միեւնույն ժամանակ, թերեւս ավելորդ հարց չի լինի այն, թե Սարգսյանի այցում որքան է վարչապետական հավակնության շարժառիթը, որն անկասկած ունի միջազգային մասշտաբի ռազմա-քաղաքական լեգիտիմության գոնե նվազագույն աստիճանի կարիք:
Հայաստանը անվտանգության Մյունխենի Վեհաժողովին վերջին տարիներին չի մասնակցել նախագահական մակարդակով, եւ այդ տեսանկյունից էլ Սարգսյանի այցն ուշագրավ է:
Ընդհանուր առմամբ, Սարգսյանի Գերմանիա այցն ունի նաեւ խորհրդանշականություն: Ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ երկու տարի առաջ, հրադադարից հետո Սերժ Սարգսյանն առաջին այցը կատարեց ոչ թե ռազմավարական դաշնակից համարվողի մայրաքաղաք, այլ հենց Գերմանիա: Իհարկե, այդ այցի մասին հայտարարված էր դեռեւս քառօրյայից շատ առաջ: Բայց, բոլոր դեպքերում, այն հատկանշական էր հատկապես արված հայտարարության առումով:
Սերժ Սարգսյանը Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը կռվում է 80-ականների զենքով եւ չունի «հզոր հովանավորներ»՝ ակնհայտ էր պարզապես պարկեշտ դաշնակից չունենալու ակնարկը, բայց հաղթում է ոգով:
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է օգտագործել Գերմանիա մեկնելու առիթն այժմ, որպեսզի չառաջանա որեւէ պատերազմից հետո Գերմանիա մեկնելու կարիք:

Lragir.am
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ