Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը լուծեց Տարոն Մարգարյանի հարցը

Երեւանի Ավագանում փետրվարի 13-ին տեղի ունեցածն, իր կոնկրետ դրսեւորման եւ դրա վերաբերյալ գնահատականներից բացի, անկասկած ունի բազմազան շերտավորում: Զարուհի Փոստանջյանի եւ նրա կուսակիցների իրականացրած գործողությունը ոչ միայն անհարմար իրավիճակի մեջ դրեց Տարոն Մարգարյանին եւ նրա խմբին, այլ նաեւ ՀՀԿ Ավագանում այդ խմբի այսպես ասած մտավորական փաթեթավորումն ապահովողներին, ու նաեւ ԵԼՔ դաշինքին:
Այդ ամենի համար բոլորն իհարկե պետք է «շնորհակալություն» հայտնեն Սերժ Սարգսյանին, ով 2017 թվականի մայիսին չարեց ոչինչ, որպեսզի Երկիր Ծիրանին չհայտնվի Երեւանի Ավագանում, թեեւ դա անելը Սերժ Սարգսյանի համար չէր ներկայացնի որեւէ բարդություն: Միամիտ կլինի կարծել, թե Սարգսյանը չէր պատկերացնում Զարուհի Փոստանջյանի էպոտաժային եւ արմատական մարտավարության հեռանկարը: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Սարգսյանը միանգամայն գիտակցված է հրաժարվել այդ էպոտաժային մարտավարության մուտքը քաղաքապետարան արգելելու քայլից:
Արդյունքն այն է, որ Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդը իր խմբակիցներով իրապես դժոխքի է վերածել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը: Դա՞ էր Սերժ Սարգսյանի նպատակը, թե՞ կան նաեւ այլ նպատակներ:
Տարոն Մարգարյանը փաստացի հայտնվել է Զարուհի Փոստանջյանի ծուղակում: Կան կարծիքներ, թե պետք էր սառնասիրտ վերաբերվել եւ չտրվել սադրանքի կամ դուրս չգալ հունից: Թվում է, թե ռացիոնալ է: Սակայն խնդիրն այն է, որ Փոստանջյանի էպոտաժային մարտավարությունը աշխատում է կամ կենսունակ է թե Տարոն Մարգարյանի լռության, թե պատասխանի դեպքում: Ահա դա է ամբողջ խնդիրը, իրավիճակի ամբողջ «հմայքը»:
Իսկ Տարոն Մարգարյանը պարզապես քաղաքապետ չէ: Նա մարդ է, որն ունի 60 տոկոս վարկանիշ, ըստ ՀՀԿ հարցումների: Բանն այն է, որ նախկինում քաղաքական խնամակալության տակ գտնվող Մարգարյանը ներկայում ներիշխանական գործոն է, որի հետ հարկ է հաշվի նստել որոշումների կայացման մի շարք դեպքերում: Մարգարյանը ձեւավորել է իր որոշակի թիմը՝ անկախ դրա որակից, եւ ի հավելում այդ ամենի նրա կողքին է Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:
Այդ գործոնը Սերժ Սարգսյանի համար խնդիր է, քանի որ Սարգսյանը սկսել է իշխանության եւ մասնավորապես ՀՀԿ լայնամասշտաբ վերակառուցում: Նրան անհրաժեշտ է տարբեր քայլերով չեզոքացնել ներքին դիմադրության օջախները: Երկիր Ծիրանիի մուտքը քաղաքապետարան չխոչընդոտելով, Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի մասով լուծում է այդ խնդիրը:
Մինչեւ 2022 թվական Զարուհի Փոստանջյանը Տարոն Մարգարյանի վարկանիշը կհասցնի «պատմական նվազագույնի», գործնականում դուրս դնելով խորհրդարանի նոր ընտրության եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացում առանցքային որոշումներ կայացնող սուբյեկտների կամ նրանց վրա ազդող էական գործոնների շրջանակից:
Հետաքրքիր է մեկ այլ բան՝ իսկ ինչպիսին կլինի Փոստանջյանի վարկանիշը այդ ընթացքում: Նրա քայլերն առաջացնում են հակասական արձագանքներ, սակայն ուժը թերեւս հենց դրա մեջ է: Փոստանջյանը գործնականում զբաղեցրել է «ոսկե միջին» հարթությունը: Նա այսպես ասած «կառուցողական» չէ, բայց մյուս կողմից էլ նրա ռադիկալությունը «զինված» կամ «սասնածռական» չէ, թեեւ նա իհարկե հմտորեն փորձում է ունենալ նաեւ այդ շրջանակի համակրանքը:
Ստացվում է հետաքրքիր միջանկյալ մի դիրքավորում, ինչը հարց է առաջացնում, թե արդյոք Երկիր Ծիրանին կգնա 2022 թվականի խորհրդարանի ընտրության եւ ինչպես կվարվի Սերժ Սարգսյանն այդ դեպքում:
Հայաստանի խորհրդարանի ընտրություններում կա հետաքրքիր «օրինաչափություն»: Ամեն հաջորդ ընտրության փոխվում է խորհրդարան մուտք գործող այսպես ասած «ոչ համակարգային» ընդդիմությունը: 2017-ին նորը ԵԼՔ դաշինքն էր: Երկիր Ծիրանին ԵԼՔ-ի ակնհայտ մրցակիցն է եւ ստեղծում է բավական անհարմար վիճակ դաշինքի համար, որը կանգնում է մի շարք իրողություններ բացատրելու բարդության առաջ:
Երկիր Ծիրանիի ագրեսիվ մարտավարությունը զգալիորեն արժեզրկում է ԵԼՔ-ի այսպես ասած ոչ ագրեսիվությունը, այն էլ մի դեպքում, երբ ԵԼՔ-ը ըստ էության դնում է նպատակ, որն է հենց ագրեսիվություն ենթադրում՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության արգելակում: Ըստ էության ստացվում է ուշագրավ մի հատում՝ ԵԼՔ-ի դրած առաջնահերթությունը կամ նպատակը ունի Երկիր Ծիրանիի որդեգրած մարտավարությամբ սպասարկվելու անհրաժեշտություն, բայց ԵԼՔ-ն այդ մարտավարությունը դիտարկում է իր համար մարտահրավեր կամ մրցակից, ինչի վկայությունը քաղաքապետարանում տեղի ունեցածին ԵԼՔ-ի խորհրդարանական խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բավական արագ ֆեյսբուքյան արձագանքն էր: Փաշինյանը գրառում էր արել, որ տեղի ունեցածը եւս մեկ փաստարկ է նրանց համար, ովքեր կարծում են, որ ՀՀԿ դեմ պետք է խոսել ուժով:
Դա բավական բազմիմաստ ակնարկ է, որը ոչ միայն քաղաքապետարանի տեղի ունեցածը, Երկիր Ծիրանի ու ԵԼՔ հարաբերակցությունը, այլ նաեւ նույնիսկ 2016 թվականի հուլիսյան զարգացումներն է ներառում՝ ՊՊԾ գնդի գրավումն ու Սասնա Ծռերը: ԵԼՔ-ի առաջնորդներից մեկը պահը փորձում է օգտագործել ՀՀԿ-ին ակնարկելու համար, որ պետք է ընտրել՝ գործ ունենալ ԵԼՔ-ի՞, թե Երկիր Ծիրանիի մարտավարության հետ, ընդ որում գուցե ավելի լայն մասշտաբային հեռանկարում, քան զուտ երկու ուժերի միջեւ ընտրությունը: Ավելին, ստացվում է տպավորություն, թե ԵԼՔ-ն ակնարկում է Սարգսյանին արդեն իսկ գոնե ԵԼՔ-ի մասով կայացված որոշակի վճռից հրաժարվելու մասին:
Մյուս կողմից, բանն էլ հենց այն է, որ Երկիր Ծիրանիին «ընտրել» է հենց Սերժ Սարգսյանը, չխանգարելով նրանց մտնել Ավագանի, այդպիսով նորաստեղծ կուսակցությանն ընձեռելով առավել լայն գործունեության դաշտ: Ըստ այդմ, դա վերջի՞ն հանգրվանն է, թե՞ ցատկահարթակ խորհրդարանական ընտրության համար, որտեղ Երկիր Ծիրանին կլինի արդեն ոչ թե ԵԼՔ-ի մրցակիցը՝ ինչպես Ավագանում, այլ ուղղակի կփոխարինի ԵԼՔ-ին:

lragir.am