Search
Close this search box.

Անկախ ԵՊՀ ռեկտորատի պատասխանից`միջոցառումները կայանալու են. հայտարարություն

Ս.թ. փետրվարի 21-ից 23-ը Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված միջոցառումների շարքն անցկացնելու համար ԵՊՀ Ակումբի նախագահը փետրվարի 2-ին դիմում-նամակ է ուղղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ենթարկվելով բյուրոկրատական բոլոր պահանջներին՝ մի քանի օր շարունակ տեղի ունեցած քաշքշուքից և այդպես էլ որևէ պատասխան չստանալուց հետո Ակումբի ղեկավարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում անդրադարձել է վերոգրյալ իրադարձություններին: Դրան ի պատասխան՝ մայր բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է մի գրառում, որի բովանդակությունը, ցավոք սրտի, որևէ աղերս չունի վերոնշյալ միջոցառումների անցկացման համար բուհի ռեկտորատին ուղղված դիմումի հետ: Բուհի ղեկավարությունը սույն գրառմամբ ոչ միայն չի հայտնել որևէ հստակ դիրքորոշում ի պատասխան դիմումին, այլև անհարկի շահարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքն ու ԵՊՀ կանոնադրության 19-րդ հոդվածը, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում տվյալ իրավիճակին:
Հարկ ենք համարում շեշտել, որ ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու և միավորումներին անդամագրվելու իրավունք, որն իր արտացոլումն է ստացել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և ամրագրվել նաև ԵՊՀ կանոնադրությամբ: Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ: ԵՊՀ կանոնադրության 132-րդ կետի 8-րդ մասում ամրագրված է նաև ԵՊՀ-ի գրադարանից, (…), ուսումնական, գիտական, (…) և այլ ստորաբաժանումների ծառայություններից օգտվելու ուսանողի իրավունքը:
Կամավորության հիմունքներով ստեղծված և վերոգրյալ իրավունքներին համապատասխան գործող ԵՊՀ ակումբն առանց որևէ խախտման փորձել է իրացնել իր իրավունքները: Ուստի, անհասկանալի է ԵՊՀ ղեկավարության գրառումը, որը վարկաբեկում է իր իսկ ուսանողներին:
«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության շահառու հանդիսացող ԵՊՀ ակումբի ուսանողները խնդիրը բարձրաձայնել են միության խորհրդում, որն իր աջակցությունն է հայտնում ԵՊՀ ուսանողներին և հայտարարում, որ Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված միջոցառումները տեղի են ունենալու՝ անկախ բուհի ղեկավարության սպասվելիք պատասխանից:
«ԱՈւՖ» ՈւՄ խորհուրդը կոչ է անում ԵՊՀ ղեկավարությանը ճանաչել և հարգել իր ուսանողների իրավունքներն ու շահերը:
«Ազատ ուսանողների ֆորում» ՈւՄ Խորհուրդ