Search
Close this search box.

Արցախում խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի օջախներ են հայտնաբերվել. ավելի քան 300 գլուխ խոզ է սատկել

ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համյանքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, իսկ Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքում՝ 6:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանն տեղեկացրել է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակն Արցախում առաջին անգամ գրանցվել է 2007 թվականին:

Նրա խոսքով՝ վարակի պատճառով 2017 թվականին ԱՀ-ում սատկել է 312 գլուխ խոզ:

Անդրադառնալով ԱՀ-ում սկիզբ առած աֆրիկյան ժանտախտի վարակի մասին՝ զրուցակիցն ասել է. «Վարակի պատճառն այն է, որ խոզերն անասնագոմերից հաճախակի են բաց թողնվում, ինչպես նաև վարակված խոզերի սպանդը ճիշտ չի իրականացվում: Խոզերի աֆրիկյան ժանտախտ վարակի դեպքում կենդանիներին պետք է սպանել անարյուն եղանակով, լեշն այրել և թաղել»:

Ն. Մուսայելյանը նաև հավելել է, որ ներկայումս ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից աշխատանքներ են տարվում վարակի նոր օջախների հայտնաբերման դեպքերում արագ վերացնելու և դրա հնարավոր տարածման վտանգը կանխելու համար:

Խոսելով խոզի մսի գնման վտանգավորության մասին՝ Ն. Մուսայելյանը նշել է, որ վաճառքի հանված միսը մասնագետների կողմից ստուգվում և մսի որակի մասին համապատասխան անասնաբուժական տեղեկանք է տրվում:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ խոզերի աֆրիկյան ժանտախտը վտանգավոր չէ մարդու առողջության համար: