Search
Close this search box.

Հակոբ Հակոբյանը «Ծառուկյան դաշինքի» անհնազանդների մասին

Քաղաքական աշունը բացված է: Առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը սևեռված են լինելու 2018 թ.-ին սպասվող պետության առաջին դեմքի՝ վարչապետի ընտրությանը: Նոր Սահմանադրությամբ` երկրի վարչապետի թեկանածություն կարող է առաջադրել քաղաքական մեծամասնություն կազմող ուժը, իսկ մյուսները պետք է քննարկումներ կազմակերպեն, կամ էլ լռակյաց համաձայնության գնան ՀՀԿ-ի հետ: ԱԺ-ում՝ իր մադատներով,  երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե էնֆիաջյանը ասել էր, թե դաշինքը քննարկել է 2018 թ.-ին վարչապետի թեկնածուի հարցը, պարզապես ժամանակը չէ այդ մասին հրապարակայնորեն խոսել: Նույն դաշինքից՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու, դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանը՝ Վահե Էնֆիաջյանի հետ համաձայն է միայն մեկ հարցում, որ հիմա ժամանակը չէ հրապարակայնորեն այդ մասին խոսելու և միաժամանակ պնդում, որ դաշինքում վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներ չեն եղել, ավելին՝ նման կարևոր հարցերը պետք է մեկնաբանի բացառապես Գագիկ Ծառուկյանը:

-Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ պետք է լինեն և Ծառուկյանն ինքը կարող է միայն հայտնել այն ձևաչափը, այն մոտեցումները, որի ժամանակ կաջակցեն կամ չեն աջակցի գալիք վարչապետին: Այստեղ կան խնդիրներ, որոնք իրենց մեջ ծրագրեր են պարունակում: Եթե այդ ծրագրերը ներառվեն` կարելի է վարչապետի թեկնածուի հետ առաջ գնալ: Այնպես որ, վաղ է դեռ խոսելը: Եվ ես կարող եմ ասել, որ նման որոշում և քննարկում չի եղել, իսկ եթե լինի կարծում եմ՝ միայն Գագիկ Ծառուկյանը կարող է մեկնաբանել, ոչ թե Էնֆիաջյանը: Ես կարծում եմ, որ անպայման կլինեն Ծառուկյանի հետ փակ քննարկումներ, և յուրաքանչյուրը հնարավորություն կունենա արտահայտել իր տեսակետն, և միայն այդ քննարկումներից հետո հասարակությունը կիմանա, թե ինչպիսի՞որոշումներ ենք կայացրել: Մինչև փակ քննարկումներ, ես կոռեկտ չեմ համարում անձամբ խոսել այդ մասին:

-Պարոն Հակոբյան, ո՞ր դեպքում «Ծառուկյան դաշինքը»  կողմ կլինի ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:

-Ծառուկյան դաշինքը ունի 15 կետից բաղկացած ծրագիր, պետք է հասկանալ այդ ծրագրերն ո՞ւմ հետ կարող ենք կյանքի կոչել, ի՞նչ ձևաչափով և միայն այդ ժամանակ է հնարավոր որոշում կայացնել: Կապ չունի ո՞ւմ ձեռքով կամ ո՞ւմ միջոցով ես իրականացնում այդ ծրագրերը: Կարևորը, որ մենք մեր նպատակներին հասնենք` իրականացնենք ընտրողին խոստացած մեր ծրագրերը: Ամենակարևոր խնդիրը դա է, որ դրված է մեր առջև:

-Պարոն Հակոբյան, իսկ եթե ՀՀԿ-ն, որպես վարչապետ առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, «Ծառուկյան դաշինքն» ընդառաջ կգնա այդ առաջարկին, Սերժ Սարգսյանը կիրագործի դաշինքի ծրագրերը:

-Չեմ ուզում խոսել կոնկրետ անձերի կամ թեկնածուների մասին: Ես կոռեկտ չեմ համարում խոսել, քանի դեռ մենք՝ կոնկրետ Ծառուկյանի գլխավորությամբ, քննարկումներ չենք արել դաշինքում: Ամեն ինչ թողնենք քաղաքական քննարկումներին` ի՞նչ ձևաչափ ենք առաջարկում, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անելու, ամենը պետք է քննարկվի ու հետո կայացվի որոշում: Մենք կգնանք ճանապարհ՝ մեր ծրագրերը իրականացնող մարդու հետ: Այն վարչապետը, որը կընդունի մեր ծրագրերը՝ կլինի մեր կողմից ընդունված վարչապետ, եթե չի ընդունի, ապա կշարունակենք մնալ ընդդիմություն ու վերահսկողություն կիրականացնենք իրենց աշխատանքների վրա:

-Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը, որն արդեն մեկ տարի աշխատում է, երկրի համար ինչ- որ առաջընթաց արձանագրեց, ի՞նչ արդյունքներ կան:

՛չ, ոչինչ փոփոխության չի ենթարկվել, հետևում եմ Կառավարության աշխատանքներին, տեսնում եմ միայն ծրագրեր, իսկ որևիցե  քայլ` տնտեսության զարգացման կամ գների զսպման առումով, չեմ տեսնում:

-Պարոն  Հակոբյան,  Ձեր կուսակից, դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանն երկրի վատ վիճակն ի նկատի ունենալով էր ասում, որ պետականամետ քաղաքականություն չի վարվում և ԵՏՄ-ից պետք է քայլ առ քայլ դուրս գալ: Արդյո՞ք ԵՏՄ-ց դուրս գալը բխում է «Ծառուկյան դաշինքի»  դրույթներից:

-Ես  կարծում եմ՝ պատգամավորը իր կածիքն է արտահատել, «Ծառուկյան դաշինքում»  նման խնդիր դրված չի եղել, նման խնդիր մեր նախընտրական ծրագրերի ժամանակ նույնպես չենք ներկայացրել: Դա ևս ես համարում եմ լուրջ հարց  և կարծում եմ՝ նման լուրջ խնդրի մասին խոսել առանց համաձայնեցնելու Ծառուկյանի, և «Ծառուկյան դաշինքի» քաղխորհրդի անդամների հետ, սխալ է:

-Ամառային արձակուրդից հետո, փաստորեն, դաշինքի պատգամավորներն ինքնաբուխ մեկնաբանություններ ու հայտարարություններ են անում:

-Ոչինչ, կարևորը, որ աշխատում են և կարծիք են հայտնում: Բայց շատ լավ կլինի, որ առջնորդվեն այն ծրագրերով, որոնց որ ժողովուրդը քվե է տվել մեզ:

-Դուք օրերս Ձեր հարցազրույցում նշել էիք, որ կան պատգամավորներ, որոնք որ շեղվում են ծրագրերից, չեն քվեարկում այնպես, ինչպես դաշինքն է պահանջում, և պարոն Ծառուկյանին, կարծես թե, սխալ է տեղ հասցվում: Ո՞ւմ ի նկատի ունեիք, իսկապես անհնազանդներ կամ ներդրված պատգամավորներ կան:

-Անկախ այն բանից, թե ինչ են խոսում, կարևորը, որ չշեղվեք մեր գաղափարներից: Եթե մենք ունենք հստակ ծրագրեր, մենք պետք է չշեղվենք և ուշադիր լինենք, որ որևէ մեկը  չշեղվի: Քծնելով, լղոզված քաղաքականություն վարելով, լղոզված հարցազրույց  տալով չենք  կարող մենք արդյունքի հասնել: Մենք դրա համար ենք, որ այդ պատգամավորներին ամեն անգամ հիշեցնենք, ասենք, որ դա մեր ծրագրերի մեջ մտած չի և հորդորենք՝ ավելի շատ խոսել մեր ծրագրերից ու գաղափարների, որոնցով մենք եկել ու դարձել ենք քաղաքական երկրորդ ուժը:

-Այնուամենայնիվ, այսօր կա՞ն այնպիսի պատգամավորներ դաշինքում,   որոնք շեղվում են ծրագրերից, լղոզված  են խոսում, անհնազանդ են:

-Այո, այո, կան: Մենք  ուսումնասիրում ու տեսնում ենք, որ ծրագրերից բան չեն խոսում, գաղափարներից չեն խոսում, այլ պարզապես խոսում են՝ խոսելու համար:

-Ովքե՞ր են այդ նշված պատգամավորները:

-Դե, դա առաջին անգամն է, ես կարծում եմ մեր ելույթներից, հանդիպումներից հետո դա չի կրկնվի, եթե կրկնվի, ապա բացահայտ կասեմ, թե ովքեր են նրանք և նրանց նկատմամբ մենք մեր դիրքորոշումը կորդեգրենք:

ArmLife.am