Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». ԵՊՀ-ում սպասվում են դասախոսների, վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների կրճատումներ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանում հնարավոր են դասախոսների, ինչպես նաև վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների կրճատումներ:

Բուհի լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը, բայց և նշում, որ վերջնական պատկերը պարզ կլինի մոտավորապես տասը օր հետո, ու հնարավոր կլինի գնահատել, թե որքանով հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից, ինչին ձգտում են:

ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը նշեց, որ այժմ ընթացքի մեջ է դասախոսների ժամաքանակի վերահաշվարկի գործընթացը: Նպատակ է հետապնդվում դասաժամերի վերաբաշխման և ծանրաբեռնվածությունը կիսելու ճանապարհով հնարավորինս զերծ մնալ դասախոսներ կրճատելուց:

«Երևանի պետական համալսարանն ունի 105 ամբիոն: Բացի մի քանի ֆակուլտետներից, որտեղ ընդունվածների թիվը փոքր չէ (օրինակ` իրավագիտության, միջազգային հարաբերություններ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ), մնացած ամբիոններում ժամաքանակի որոշակի խմբագրումներ արվում են: Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մոտ 10 օրից: Բայց այն, որ պետք է կրճատումներ լինեն, ակնհայտ է»,- ասաց Կարեն Գրիգորյանը:

Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, պայմանավորված է ուսանողների թվի նվազմամբ:

Այս տարի Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 2 602 դիմորդ: 2016-ին այդ թիվը եղել է 2 988, 2015-ին՝ 3 060, 2014-ին՝ 3 224 և այլն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: