Search
Close this search box.

Ծառուկյանականները սպասում են

Այս պահի դրությամբ ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա։ Կհրավիրվի քաղաքական խորհրդի նիստ, և բոլոր մեր պատգամավորները, քաղխորհրդի անդամները իրենց դիրքորոշումները կներկայացնեն, մոտեցումները կշարադրեն, որից հետո վերջնական որոշում կընդունվի, թե ինչ դիրքորոշում կունենա «Ծառուկյան» դաշինքը Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀ 4-րդ նախագահի ինստիտուտը նոր է, նոր նախագահը բոլորովին այլ լիազորություններ է ունենալու, քան իր նախորդները։ «Բնականաբար, նրա լիազորությունները ոչ մի առնչություն չունեն այսօրվա գործող նախագահի լիազորությունների հետ, բայց քանի որ պետության գլուխ է համարվելու և ունի իր ուրույն դերակատարությունը, բնականաբար, մենք անպայման պետք է լսենք, թե իր գործունեությունն ինչպես է պատկերացնում նախագահի թեկնածուն։ Մյուս կողմից՝ նա չի տվել իր համաձայնությունը։ Երբ կլինի այդ համաձայնությունը, այդ ժամանակ մենք վերջնական որոշում կկայացնենք։ Այսինքն՝ համաձայնություն չտված նախագահի թեկնածուի մասին այս պահին ինչ-որ բան ասելը, կարծում եմ, պատեհ չի»,- ասաց Մելքումյանը։