Search
Close this search box.

Ռուսաստանը Հայաստանին նոր զինատեսակ կտա

Ռուսական Ռեգնում գործակալությունը հայտնում է, որ Հայկական բանակի օրը Գյումրիում ցուցադրվել է ռուսական արտադրության «Կորնետ» ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրը:
Ռեգնումը հայտնում է, որ «Կորնետ-Է»-ն երկրորդ սերնդի հակատանկային համալիր է, որի հրթիռի կառավարումն իրականացվում է լազերային ճառագայթի միջոցով: Թիրախի խոցելիության առավելագույն հեռավորությունը 5.5 կմ է եւ կարող է ճեղքել 1000-1200 մմ հաստությամբ պողպատե զրահը: Այդ ցուցանիշը բավարար է գոյություն ունեցող ցանկացած տանկ, այդ թվում՝ Տ-90Ս-ը խոցելու համար, որն առկա է Ադրբեջանի զինանոցում:
Ռեգնումը հիշեցնում է, որ Ադրբեջանն իսրայելական Սպայկ համակարգեր ունի, որոնք «հիանալի են դրսեւորել իրենց Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական Տ-72 տանկերի դեմ»:
Հունվարի 19-ին Բաքուն ստացել է ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը, որը հիմնականում զրահամեքենաներ են: Ռուսաստանը, հայտարարելով «հավասարակշռության պահպանման» մասին, տարածաշրջանում սպառազինությունների իսկական մրցավազք է խթանում: Այս փուլում Ռուսաստանն Ադրբեջանին զրահամեքենա է վաճառում, իսկ Հայաստանին՝ դրանք խոցելու համար նախատեսված Կորնետներ:
Ըստ երեւույթին, սպառազինության մի այլ նոր տեսակ է սպասվում՝ Պանցիր, որը կարող է օգտագործվել նաեւ դրոնների դեմ: Ադրբեջանը վերջերս 2 անգամ դրոնների միջոցով խախտել է հրադադարը Ղարաբաղում՝ կարծես թե ստուգելով անօդաչու սարքերից հայկական սահմանների պաշտպանության հուսալիությունը:
Դրանից անմիջապես հետո ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեեւը ադրբեջանական դրոնները համեմատել է Սիրիայում օգտագործվածների հետ եւ հայտարարել, որ ռուսական Պանցիրները լավագույնս դրսեւորել են իրենց Սիրիայում: Դրանք կարողացել են շարքից հանել ու մի քանի դրոն խփել: Հավանաբար, ռուսական կողմը փորձում է Հայաստանին Պանցիրով «գայթակղել»: