Search
Close this search box.

Բաքուն որոշել է` որտեղ և երբ կիրառել Ռուսաստանից ստացած նոր զենքը

Ադրբեջանը օրերս ստացավ ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը, այս անգամ զրահատեխնիկա: Բաքուն հայտարարեց, որ այն ուղարկվելու է Արցախի հետ սահմանակից շրջաներում տեղակայված զորամիավորումներին, կամ այլ կերպ ասած՝ Արցախի դեմ:
Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:
Մինչդեռ Ռուսաստանյան կողմը բազմիցս է հայտարարել, որ բարդ այս տարածաշրջանում ձգտում է ուժերի հավասարակշռություն պահպանել։ 2016թ․ապրիլին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և Ադրբեջանին իրականացվող զենքի մատակարարումների շուրջ հետևյալ կարծիքն էր հայտնել․ «Եթե մենք մի րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել այդ դերից, մենք շատ լավ հասկանում ենք՝ այդ տեղը դատարկ չի մնա։ Զենք կգնեն այլ երկրներից, և այդ զենքի մահաբերության աստիճանը դրանից չի նվազի»։
Եվ այս պարզունակ տրամաբանությամբ Ռուսաստանը շարունակում է երկդիմի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ: Իսկ Երևանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը օգտագործում է Ռուսաստանից ընդհամենը առավել էժան սպառազինություն գնելու, այլ կերպ ասած գին «գցելու» համար:
Արդյունքում Ռուսաստանը բարձրացնում է հայերին սպանելու Ադրբեջանի ռազմա-քաղաքական կարողությունը: