Search
Close this search box.

Հ3 հեռուստաընկերության հավանական գնորդներն ու զավեշտը

Հ3 հեռուստաընկերությունը, որը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, այսօր հայտնվել է բառիս բուն իմաստով խղճուկ վիճակում: Նախ, Բաղդասարյանը չէր կարողանում փակել աշխատողների աշխատավարձը, մինչև բանը հասավ նրան, որ Նոր տարվա տոներից առաջ ամիսներով չվճարված աշխատողները շրջափակման մեջ են առել Բաղդասարյանի մեքենան ու պահանջել իրենց հասանելիք աշխատավարձը: ՈՒ քանի որ այդ մադիկ հանդգնել են պահանջել իրենց աշխատավարձը, հեռուստաընկերության տնօրեն, Բաղդասարյանի մտերիմ, դերասան Արամ Հովհաննիսյանը կանչել է ու առանց այդ էլ սակավաթիվ աշխատողներին հրահանգել լքել հեռուստաընկերության շենքը: Եվ փաստացի, Հ3 հեռուստաընկերությունն արդեն մեկ ամիս է, ինչ աշխատող չունի, ու եթերը դրված է «կրկնողություն» ռեժիմի վրա: Լրատվական ծրագիր ընդհանրապես չկա, քանի որ կրկնության դեպքում Բաղդասարյանի մոտ «նոստալջիան» կմեծանա՝ կմտածի, որ դեռ խորհրդարանական ընտրություն է ու ինքն էլ մասնակցում է դրան:

Այս ամենի մեջ ցավալի մի քանի հանգամանք կա. ցանկացած մեկը, ով իշխանության կերակրատաշտին մոտ է, նրա բիզնեսը` կլինի կոնյակի գործարան, հեռուստաընկերոթյուն, թե տեքստիլ ֆաբրիկա կամ մեկ ուրիշ գործ, օրեցօր հզորանում է ու ծիլեր տալիս, վայ նրան, ով հեռանում է կերակրատաշտից սնվելու հնարավորությունից` միանգամից ինքն էլ, իր աշխատողներն էլ հավասարվում են «կարտոֆիլասեր» հասարակությանը, կամ լքում երկիրը: Սա զավեշտի մի կողմն է, մյուս կողմը այն է, որ հարկատուների հաշվին ապրող մի հսկայական հանձնաժողով` հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, մատնված է անգործության, մինչև որ սույն սեփականատիրոջը տապալելու հրահանգ կստանա: Իսկ հրահանգը ուշանում է օբյեկտիվ պատճառներով` նախ պետք է հասականալ հեռուստաընկերությունը կշարունակի մնալ Արթուր Բաղդասարյանի ձեռքին, թե սահուն կանցնի մեկ ուրիշին:

Ըստ օդում կախված լուրերի՝ այս պահին կա շահագրգիռ մի քանի կողմ` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ով մեդիա դաշտի ամենամեծ բաժնետերն է, երկրորդ շահագրգիռ կողմը` 50/50 հարաբերակցությամբ, հավակնում է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հավսեփյանը , ով Հ3 հեռուստաընկերության կապուղու նախկին տերն էր ու Բաղդասարյանի հետ պայման է կապել, որ հեռուստաընկերության վաճառքի դեպքում առաջին հավանական գնորդը ինքը պետք է լինի: Կա նաև այլ կողմ` ի դեմս 1in.am կայքի հիմնադրի: Առաջին երկու տարբերակի հրաժարումից հետո միայն ու բնականաբար իշխանության հոժարակամության շնորհիվ կարող է երրորդ տարբերակը գործել:

Իսկ մինչ այդ որոշումները կհստակեցվեն, մի ամբողջ հաճախականության եթերն ամեն օր կլինի նույն օրվա նման, իսկ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը ձև կտա, թե չի տեսել, չի լսել ու չգիտի` խոսքն ինչի մասին է: Ի դեպ, սա այն հաճախականությունն է, որը՝ որպես Երևան հեռուսաընկերություն, 2010 թվականին հաղթեց ԱԼՄ հեռուստաընկերությանը:

ArmLife.am