Search
Close this search box.

Հայաստանի համար սխալ կլիներ չանդամակցել ԵՏՄ-ին. Թաթուլ Մանասերյան

-Պարոն Մանասերյան, 2.5 տարի է, ինչ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է: Այս ժամանակաշրջանում արդարացան տնտեսական այն սպասումներ, որոնք մեր երկիրը դրել էր իր առջև:

-Ուզում եք, որ 2.5 տարում արդարանան բոլոր հույսերը: Համեմատության համար նշեմ, որ Եվրամիությունը, երբ ձևավորվեց ( 1957 թվականին Հռոմի դաշնագրով, չնայած  իրականում ստեղծվել է 1947 թվականին),  նույնն է, որ ասենք հետպատերազմյան շրջանում՝ 1947-1950 թթ, ինչ տվեց եվրոպացիներին: Ոչինչ չտվեց՝  դեռ տնտեսությունները քայքայված էին, ամեն մեկը մտածում էր իր մասին: Այն Եվրամիությունը, որ մենք այսօր տեսնում ենք՝ դա ձևավորվել է կես դար հետո: Ես կհորդորեմ, որ մի քիչ ավելի համբերատար լինենք և նրան, ովքեր չեն սիրում ԵՏՄ-ն՝ կարող են հանգիստ քննադատել, բայց ասել, որ 2.5 տարում մարդիկ պիտի լավ զգային՝ չարաչար սխալվում են, նման բան չի կարող լինել:

-Բայց այս ընթացքում կա՞ առաջընթաց, որը շոշափելի է:

-Իհարկե կա: Առաջընթաց կա հենց առաջին օրվանից: Այսինքն՝ Հայաստանը կարողացել է բանակցել և ստանալ նոր՝ 800-ից ավելի ապրանքների գծով բացառություններ՝ այն, ինչ-որ չէր վերաբերում Մաքսային միության անդամ երկրներին ( Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան): Սա ինչ է նշանակում՝ երրորդ երկրներից այն, ինչ որ մենք ներմուծում ենք՝ լրացուցիչ մաքսատուրք և մեզ համար ավելի դժվար պայմաններ չպիտի լինեն: Դա համարում եմ լուրջ առաջընթաց: Երկրորդ ՝ Մաքսային միության, հետո արդեն ԵՏՄ անդամ երկրներից՝ ներմուծվող ապրանքի դեպքում, մենք այլևս չենք մուծում մաքսատուրք: Երրորդ՝ մենք ստանում են փոխհատուցում ԵՏՄ-ից. այն գումարները, որոնք պետական բյուջե չեն գնում՝ մաքսատուրքի տեսքով, դա ստանում ենք որպես օգնություն: Չորրորդ՝ գազի սակագինը Հայաստանում ամենաարտոնյալն է ԵՏՄ  և ընդհանարպես հետխորհրդային երկրների համեմատ:

Նույնը տեխնիկական չափորոշիչների մասով՝ այդ հարցերը բավական արագ կարգավորվել են: Այսինքն՝ մեր երկիր կամ մեր երկրից այլ ԵՏՄ երկրներ, առանց արգելքի, չափորոշիչները կիրառելով, ապրանքները կարող են արտահանվել կամ ներմուծվել:

Այս նույն ճանապարհով գնացել են եվրոպական երկրները: Այսինքն՝ առաջընթացը կա, դա փուլ առ փուլ, աստիճանաբար է լինում: Բայց կան նաև հակասություններ: Ո՞վ ասաց, որ խնդիրներ չկան: Հսկայական խնդիրներ կան և դրա համար ժամանակ է պահանջվում: Իսկ որ, առանց կասկածի, կարողանանք հետևություն անել՝ հակառակը Հայաստանի համար հաստատ սխալ էր լինելու: Չանդամակցել ԵՏՄ-ին նախ իմաստ չունի: Առաջ երկընտրանք էր դրված՝ կամ ԵՏՄ-ն, կամ Եվրամիությունը, բարեբախտաբար, այսօր Մոսկվան ու Բրյուսելը փոխըմբռնման են եկել, և Հայաստանը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները և՛  Եվրամիության, և՛ ԵՏՄ-ի հետ: Նոյեմբերին  մենք Եվրամիության հետ ստորագրելու ենք նախաստորագրած համաձայնագիրը, դա նշանակում է, որ մենք  ընդլայնում ենք մեր հարաբերությունները՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով, որը կարող ենք ի նպաստ մեր երկրին ծառայեցնել:

Armlife.am