Search
Close this search box.

«Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000 դոլարից 25000-ն ունենք». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերները հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարը, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա. Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: