Search
Close this search box.

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել ՃՈ երկու տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լույս հունվարի 8-ի գիշերը Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, BMW X6 մակնիշի մեքենայի վարորդը ձերբակալվել է:
Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավտովթարից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին BMW X6 մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։
Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ։