Search
Close this search box.

Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկի աչքը տոներից հետո կվիրահատեն

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը տոներից հետո աչքի վիրահատության կենթարկվիՙ NEWS.am-ին ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը:

«Աչքի մեջ հիմա արյուն կա, բժիշկները դեղեր են նշանակել, որ մաքրվի, արդեն տոներից աչքը կվիրրահատեն»,-ասաց տիկին Սեդան` նշելով, որ միայն վիրահատությունից հետո պարզ կլինի, թե Նարեկի տեսողությունը քանի տոկոսով կվերականգնվի:

Նարեկի մայրն ասաց, որ ամիսներ անց Նարեկը նաեւ գլխի պլաստիկ վիրահատության է ենթարկվելու, քանի որ պայթյունից գլխի ոսկրեր են վնասվել:

Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի, դրական տեղաշարժ կա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում: