Search
Close this search box.

Հայ լինելը պարտավորեցնում է. Արտակ Թադևոսյան

Հայաստանն ամեն հայի տունն է ու այդ տնից հեռու, միևնույնն է, դու օտար ես, այս ճշմարիտ զգացումն ուղեկցում է ցանկացած հայի, ով մի օր որոշում է կայացնում ապրել տնից հեռու: Ամեն մեկի որոշումը յուրովի է ծնունդ առնում, ոմանք գնում են լավ ապագայի հետևից, մյուսները` հետ վերդառնալու հույսով:

Ուղիղ տասը տարի առաջ էր, որ մեր հայրենակից, տաղանդաշատ երիտասարդ Արտակ Թադևոսյանը որոշում կայացրեց մեկնել Եվրոպայի ամենահայաշատ երկիր` Ֆրանսիա: Արտակը դժվար ու մաքառելի ճանապարհ է անցել ֆրանսիայում, տարիների դժվարությունները նրան ավելի են կապել հայրենիքի հետ ու ահագնացող դարձրել սերը հայրենիքի նկատմամբ: Հինգ տարի առաջ էր, որ Արտակ Թադևոսյանը որոշեց աշխատել Փարիզի հայկական ձայնասփյուռ ռադիոկայանում` որպես հաղորդավար և հաղորդումների հեղինակ-վարող: Ի դեպ, Արտակը միակ երիտասարդն էր, որ ժամանակին սկսեց աշխատել հայկական այդ ռադիոյում, և այսօր Արտակի ձայնը հարազատ է դարձել արդեն հազարավոր հայ ռադիոունկնդիրների, որոնք սպասում են, թե հաջորդ հաղորդում իրենց մտովի հայկական որ տաքուկ անկյուն կտեղափոխի: Այսօրվա պես Արտակը հիշում է, թե ինչպես և ինչ զգացողությամբ սկսեց իր առաջին հաղորդումը. «Սկսեցի մի հաղորդում, որի արահետները հասնում էին հայրենի եզերք, մայրաքաղաք Երևան, սկսեցի ավելի շատ խոսել Երևանի մասին ու հասկացա, որ մի բուռ իմ հայրենիքը հարուստ է, շատ հարուստ, ինչքան խոսես՝ ասելիքդ չնչին է թվում, ներկայացնելու շատ բան կա»,- հուզմունքով պատմում է Արտակը:
2016 թվականից Արտակ Թադևոսյանը ձեռնամուխ եղավ մեկ այլ հաղորդման, որի ելևէջները հասնում են Մուշ, Կարին, Արդահան, դառնալով խոսուն վկան՝ Արևմտյան Հայաստանի ամեն մի հայակերտ քարի. «Սա ինձ համար պարզապես հաղորդում չէ: Իմ այս հաղորդումների առանցքում կա մի անպատմելի սեր, կարոտ, քնշանք՝ դեպի հայրենի ակունքներ: Հեռավորությունը կարոտը վերածում է ցավի, լուռ ու անտրտունջ ցավի»,- հուզմունքից շփոթված ասում է հայկական ռադիոյի հաղորդավար Արտակ Թադևոսյանը, ով հազարավոր թելերով շարունակում է կապված մնալ իր հայրենիքի ու հայրենակիցների հետ:

Միայն այս տարի Հայաստանից Արտակը երեք պատվոգրի է արժանացել՝ ղարաբաղյան պատերազմի վետերանների, Արման Կարապետյանի «Հանդես» ընկերության կողմից՝ «Աշխարհի գույներ» փառատոնի հատուկ մրցանակի և հատուկ պատվոգրի՝ մշակութային ակտիվ գործունեության համար. «Ամեն մի պատվոգիր պարտավորեցնող է»,-նշում է նա:

Արտակ Թադևոսյանը միաժամանակ Փարիզից ակտիվ համագործակցում է Armlife.am լրատվական կայքի հետ` ներկայացնելով հայ համայնքի կյանքն ու գործունեությունը. «Հայրենիքից հեռու գտնվելով փորձում եմ ջանքերս կրկնապատկել, որպեսզի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող թելը էլ ավելի ամուր դարձնեմ,-մեզ հետ զրույցում ասում է Արտակ Թադևոսյանը,-ստացվեց այնպես, որ հենց ֆրանսիայում էլ ընտանիք կազմեցի և զավակներ ունեցա` Նարեկը և Թամարան: Նարեկս հաճախում է դպրոց, աղջիկս՝ մանկապարտեզ: Կարևոր խնդիրը, որ դրել ենք մեր առաջ՝ ես և տիկինս, այն է, որ կարողանանք հայ մեծացնել մեր զավակներին, հնարավորինս շատ կապել նրանց մեր արևաշող Հայաստանի հետ, ինչու չէ, գուցե մի օր էլ որոշենք հայրենիք վերադառնալ; Դա մեր մեծագույն ցանկությունն է: Եվ ընդհանրապես, հայ լինելը պարտավորեցնում է, հայը՝ տեսակ է աշխարհի ներսում, իր խոսքն ասող տեսակ»- նշում է Արտակը, ով միաժամանակ ֆրանսիական Bonheur Retrouve ասոցիացիայի մամուլի պատասխանատուն է: Ասոցիացիա, որի անունը Հայստանում արդեն շատ բան է ասում: Հենց այս ասոցիացիայում հավաքված հայրենասեր հայերի շնորհիվ է, որ Հայաստանում մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչվեցին:

[smartslider3 slider=231]

ArmLIfe.am