Search
Close this search box.

Ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանի մասով

Վերջին շրջանի ամենալուրջ պաշտոնանկությունը, թերևս, Հայկազ Բաղմանյանի պաշտոնանակությունն էր, որից գոնե հասարակության ու որոշ անհատների դժգոհությունը բավականին մեծ էր: Նախ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն արդեն տարիներ շարունակ բողոքում է, որ Բաղմանյան Հայկազն իրենից խլել է իր բիզնեսը:
Սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ տարիներ շարունակ հենց Հայկազ Բաղմանյանին է մեղադրում իր որդու սպանության մեջ. «Հայկազ Բաղմանյանը 2007թ-ին բանակում իր թիկնապահների հետ սպանել է իմ որդուն՝ Տիգրանիս, բայց ինձ պաշտոնապես ներկայացրել են, թե իբրև իմ որդին էլեկտրահարվել է, որդուս գործը կասեցրել էին, որովհետև իբր թե սպանության գործիքն է անհետացել»:  Որդեկորույս մոր կարծիքով՝ Բաղմանյանը պետք է ոչ թե միայն պաշտոնանկ արվեր, այլ նրան պետք է հրապարակի մեջտեղում կախաղան հանեին, քանի որ ըստ Գոհար Սարգսյանի՝ նա բանակում այնպիսի հանցագործություններ է թույլ տվել, որոնց համար պետք է պատասխանատվություն կրի»։
Հայկազ Բաղմանյանի մասին մամուլը ևս պարբերաբար անդրադարձել է: Մասնավորապես՝ առանցքում է եղել ռեստորանատեր գեներալի ունեցվածքը , որտեղից էլ շղթան հասնում էր քառօրյա պատերազմ ու հարյուրից ավելի զոհեր: Հենց Բաղմանյանի ու նրա նման գեներալների ունեցվածքի շնորհիվ ունեցանք այդքան զոհ ու հողերի կորուստ: Եվ մինչ հասարակությունը սպասում է, որ պաշտոնանկությունից հետո պատկան մարմինները պիտի սկսեն ուսումնասիրել Բաղմանյանի ունեցվածքն ու բանակից թալանվածը հետ վերադարձնել զինվորին , հանկարծ հայտնվում է մեկ այլ սերնդակից գեներալ` Մանվել Գրիգորյանն ու խոսում Բաղմանյանի առաքինության մասին.
«Հայկազը զինվորական տղա ա, 24 ժամ էլ պետք լինի, էս երկրում.., համ էլ նա ոչ թոշակառու է, ոչ բան: Այս երկրում տարբեր ծառայություններ, աշխատանք կա, կգնա: Հայկազի մասին միշտ էլ լավն ենք խոսում, Հայկազը մարտական մեծ ուղի ունի, թե՛ Արցախյան պատերազմում, թե՛ Ապրիլյան պատերազմում:
Բաղմանյան Հայկազը լուրջ մասնագետ ա, զինվորական ա, մասնագիտությունը զինվորականություն ա, զինվորական բարձր կրթություններ ունի դեռեւս ռուսական ժամանակներից, էս վերջի 7-8 տարիները բանակի մարտական պատրաստակամությամբ է զբաղվել, ինժիներական զորքերի, ֆիզիկական պատրաստականության: Բանակի ծուծն ու ուղեղն էնքան լավ գիտի, որ քիչ մարդիկ գիտեն ըտենց»:
Իհարկե, Մանվել Գրիգորյանի այս գնահատականը բիզնեսմեն գեներալին մի քանի պատճառ կարող է ունենալ. նախ, ինչ  որ տեղ կարող են համընկնել գեներալներ Մանվել Գրիգորյանի ու Հայկազ Բաղմանյանի շահերը` բանակի անվան տակ սերնդակից գեներալների հարստանալը,  իշխանության կողքին լինելը, բայց մյուս կողմից էլ գեներալ Մանվելը խոսում է, որովհետև վտանգը մոտենում է իրեն: Այսօր չկա Բաղմանյանը, վաղը կարող է հեռացվել Մանվել Գրիգորյանը, չէ որ Մանվել Գրիգորյանը լավ գիտի, որ մեխն էլ, չագուչն էլ մի մարդու՝ Սերժ Սարգսյանի ձեռքին է, իսկ Սերժ Սարգսյանը լավ գիտի՝ ումից, երբ ազատվել: Հիմա Մանվել Գիրիգորյանը ինչով է ավել կամ պակաս Բաղմանյան Հայկազից , երկուսն էլ գեներալ, երկուսն էլ հզոր կարողության տեր: Ահա թե ինչու Մնավել Գրիգորյանը այդպես խոսեց Բաղմանյանի մասին, ճիշտ այնպես,ինչպես կխոսեր ինքն իր մասին:
Իսկ Սերժ Սարգսյանը պարբերաբար ապացուցել է, որ անձեռնմխելի ու ամենակարող ոչ ոք չկա` կլինի Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, թե Մանվել Գրիգորյան: