Search
Close this search box.

Ո՞ր ԲՈՒՀ-երը կփակի Լևոն Մկրտչյանը

Այս տարի հանրակրթության ոլորտում մի շարք փոփոխություններ են ուժի մեջ մտնելու: ԿԳ նախարարը Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքային դպրոցները պետք է ունենան առնվազն 300, ավագ դպրոցները` 150 աշակերտ, որպեսզի կարողանան որակյալ կրթություն իրականացնել: Ինչ վերաբերում է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներին, ապա այստեղ էլ, ըստ Մկրտչյանի, պետք է կարողանան փոքր դպրոցների մեթոդիկան մշակել և կարգավորել ճիշտ ֆինանսավորման բանաձևը: «Փոփոխությունների արդյունքում կունենանք նաև ուսուցիչներ, ովքեր կպայքարեն, որպեսզի բարձրացնեն իրենց տարակարգը, քանի որ տարակարգից տարակարգ անցման դեպքում աշխատավարձի կրկնակի բարձրացում պետք է լինի: Բացի այդ` բարձրագույն կրթության ոլորտում էլ պետք է այնպես անենք, որ 66 բուհերի փոխարեն ունենանք 20-25 ուժեղ համալսարաններ, և ուսանողների թիվը չլինի 90 000, այլ լինի 120 000: Եթե կարողանանք այս ամենին հասնել, 2020 թվականին կրթության ոլորտի վիճակը լավ կլինի»,- կարծում  է նախարարը: Լևոն Մկրտչյանը Հարվարդի համալսարանի բարեփոխումներն է վկայակոչում. «Հիմա, օրինակ, Հարվարդի համալսարանը մշակում է բարեփոխումների համալիր ծրագիր և արմատապես փոխում իր կառուցվածքն ու դասավանդման ձևը: Մեր կրթական համակարգում ունենք մեծ խնդիրներ, որոնք պետք է լուծենք մինչև 2018-20 թթ., և այդ ընթացքում պետք է իրականացնենք կառուցվածքային փոփոխություններ, համակարգի կառավարման նոր չափորոշիչներ ընդունենք: Իսկ 2020-ից հետո եղածը պետք է խորացնենք: Բայց յուրաքանչյուր փորձ անելիս պետք է թողնես մեկ տարի` տեսնես ինչպես է այն աշխատում, սխալն ու ճիշտը հասկանաս և նոր անցնես հաջորդ փուլին»: Փաստորեն, առաջիկա տարիներին ևս կրթական համակարգը փորձարկումների դաշտ է լինելու: Լևոն Մկրտչյանի նախորդը`Արմեն Աշոտյանը, իր պաշտոնավարման տարիներին մի շարք փորձարկումներ Բոլոնյան համաձայնագրերի տեսքով խցկեց դպրոցներ, որոնցից թերևս մեկը` ավագ դպրոց կոչվածն է, որը պարզապես պատուհաս է դպրոցականների համար: Իհարկե, պատուհաս է նաև այսքան ԲՈՒՀ-երի առկայությունը, երբ մասնագիտության պահանջարկ չկա, աշխատատեղ չկա, սակայն դիմորդ միշտ կա: Դաշնակցական նախարարը ԲՈՒՀ-երի կեսից ավելին փակելու է, սա որոշման առաջին մասն է, մութ է այն, թե ու՞մ և ո՞ր ԲՈՒՀ-ը կմնան և որոնք կփակվեն: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հացերը գրեթե հիմնականում լուծվում են կուսակցաընկերային հարաբերություններով, «մաղարիչով», ապա միանգամից պարզ կլինի, թե որ ԲՈՒՀ-երը կլքեն խաղադաշտը:

ArmLife.am