Search
Close this search box.

Կաշառք վերցրած «գաիշնիկները» կալանավորվեցին

Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչները, որոնք նրանից գումար են պահանջել ու ստացել, այսօր՝ նոյեմբերի 30-ին կալանավորվել են։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարությունէ տարածել եւ հայտնել, թե կաշառքը ոստիկանները ստացել են մեքենայի ուղեւորից, մինչդեռ երեկ նշում էին, թե գումարը ստացել է վարորդից՝ երգչի հորից։

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը ՃՈ ավագ տեսուչ Տ. Խաչատրյանի հետ, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը: Ոստիկան Հ. Գրիգորյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Տ. Խաչատրյանի հետ, ավտոմեքենայի ուղեւորից ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք եւ թույլատրել շարունակել երթեւեկել:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար ՃՈ ավագ տեսուչ Հ. Գրիգորյանին 29.11.2017թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հիշյալ ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: