Search
Close this search box.

Փարիզի ամենամոտ քաղաքներից մեկը` Կղետեն, Գյումրու բարեկամ

Փարիզի ամենամոտ քաղաքներից մեկը` Կղետեն, 1977թ.-ին ունեցավ ամենաերիտասարդ քաղաքապետը` ի դեմս երեսուն ամյա Լողան Կատալանի, ով արդեն քառասուն տարի ղեկավարում է քաղաքը: Կղետեում հպարտորեն ասում են, որ քաղաքապետին ընտրում են ոչ թե կուսակցական պատկանելության, այլ կատարած աշխատանքի համար: Նույնիսկ մրցակից կուսակցության անդամները՝ առանց վարանելու, արդեն չորս տասնամյակ իրեց քվեով վստահություն են հայտնում Լողան Կատալանին: Ընտրվելուց ամիսներ անց Լողան Կատալանը հիմնեց «Creteil Jumelages» կոմիտեն, որը թարգմանաբար նշանակում է՝ «Քույր քաղաքների» ասոցիացիա: Ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ քաղաքապետը գնաց այս քայլին` համոզված լինելով, որ այս կերպ ավելի լավ կարելի է հարաբերություն ստեղծել տարբեր երկրների հետ, և օգտակար լինել երիտասարդներին, քան քաղաքապետի պաշտոնում: 1978 թ.-ին հիմնադրված կոմիտեն առաջին հարաբերությունը ստեղծեց Գերմանիայի հետ, ապա՝ Իսպանիայի, Կուբայի, Իսրայելի, Աֆրիկայի, Պորտուգալիայի, ևս մի քանի երկրների և այդ թվում՝ Հայաստանի հետ:

Ասոցիացիան՝ Հայաստան եկավ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի օրերին, երբ աջակցությունն ու գթասրտությունը պետք էր օդի ու ջրի պես: Եվ հենց Գյումրին դարձավ ասոցիացիայի քույր քաղաքը: Նախ դրամահավաքություն սկսվեց, ապա շտապ կարգով Գյումրի հասավ շտապօգնության մեքենան՝ անհրաժեշտ սարքավորումներով: Եվ այսպես սկսվեց համագործակցությունը Գյումրիի հետ:

Ասոցիացիայի փոխնախագահ Կլարա Կույումջյանը թվարկում է այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել են Գյումրիում, սակայն առանձնացնում է դրանցից ամենամարդասիրականը` երկրաշարժից հետո որբ մնացած երեխաներին տեղավորել ընտանիքներում, հոգալ նրանց խնդիրները, իսկ 18 տարին լրանալուց հետո՝ անգամ ուսման ծախսերը: Իսկ այս ամենի մեջ, որ անթաքույց ուրախությամբ պատմում էր տիկին Կլարան այն էր, որ այդ երեխաներին հետագայում որդեգրել են խնամակալ ընտանիքները:

Ասոցիացիան երկար տարիներ աշխատել է Գյումրու ամենաերկարակյաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, համատեղ արված աշխատանքներից գոհ է ասոցիացիայի ֆրանսիացի տնօրեն Ռոման Գումբերը: Ըստ նրա՝ եղել է աշխատանքային փոխվստահության ընդհանուր մթնոլորտ: Անգամ հիշում են, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը որոշել հետ վերադարձնել ծախսած գումարի մնացորդը՝ մոտ 1000 եվրո, սակայն ասոցիացիան գումարի հետվերադարձ չի ընդունել՝ առաջարկելով այն օգտագործել մեկ այլ կարիքի համար: Հետագայում վերանորոգել են Գյումրու մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը:

Հայասատնի հետ բարեկամական կապը շարունակվել է նաև այլ բնագավառներում, հետագայում կապեր են ստեղծվել նաև Կղետե քաղաքի հիվանդանոցի և  «Էրեբունի» հիվանդանոցի միջև: Այսօր էլ ծրագրեր կան իրականացնելու: Վարդան Ղուկասյանից հետո դեռ ծրագիր չի իրականացվել, Սամվել Բալասանյանի աշխատակազմը  նախապատրաստական աշխատանքներ է տանում նոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ ասոցիացիայի գրասենյակում հայկական շունչն է՝ այբուբենից մինչև հայկական տարազ:

Այս ամենի ականատեսը եղանք, երբ անձամբ այցելեցինք ասոցիացիայի գրասենյակ:

Աննա Իգնաթևոսյան, ArmLife.am

Փարիզ

[smartslider3 slider=220]