Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Հակոբյանի «Մենք հարևաններ ենք» ֆիլմը արգելվում է դիտել կեղծ հայրենասերներին

Կինոգետների միությունում տեղի ունեցավ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Մենք հարևաններ ենք» ֆիլմի շնորհանդեսը, որը սկսվում է նշումով՝ «Կեղծ հայրենասերներին խորհուրդ է տրվում չնայել»։ Այս առնչությամբ Հակոբ Հակոբյանն ասաց. «Խորհուրդ չեմ տալիս դիտել ֆիլմը նրանց, ովքեր կփորձեն անձնական նպատակներն առաջ տանելով՝  ժողովուրդներին մղել պատերազմների, նրանք կեղծ հայրենասերներ են և նրանց խորհուրդ է տրվում այս ֆիլմը չդիտել»։

Ֆիլմի առանցքում ներկայացվում է հայ և ադրբեջանցի ընտանիքների հարևանության պատմությունը, մինչև Արցախյան պատերազմի սկիզբն ու դրանից հետո: Հայն ու ադրբեջանցին պատերազմից առաջ հաշտ ու համերաշխ ապրում են, ընկերություն անում ընտանիքներով, իրար հետ ձկնորսության են գնում, իսկ տարիներ անց հայտնվում են սահմաններից այն կողմ, բայց հարևանության լավագույն տարիները իրենց հիշողության մեջ երկու հարևաններն էլ խնամքով պահում են: Տարիներ հետո՝ նրանց թոռները կռվի դաշտում հանդիպում են և իմանում, որ իրենց պապերը հարևաններ են եղել և իրար չեն սպանում. «Ես խաղաղության կողմնակից եմ, կարծում եմ՝ քաղաքական մեծամասնությունը նույնպես: Մենք երբևէ չենք ասել, որ պետք է պատերազմենք: Մենք խաղաղության ու պաշտպանվելու կողմնակից ենք»: Հակոբ Հակոբյանը նշեց, որ փորձելու է Ադրբեջանում էլ իր ֆիլմը ցուցադրել. «Մոսկվայում ունենք ընկերներ, ովքեր կապ ունեն ադրբեջանցիների հետ, փորձելու ենք իրենց միջոցով այնտեղ էլ ցուցադրել։ Եթե ստացվի, լավ կլինի»,- ասաց Հակոբյանը` չբացառելով, որ ֆիլմը կցուցադրվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։
Ֆիլմում՝ ադրբեջանցի հարևանուհու դերակատար Արսինե Նավասարդյանն էլ պատասխանելով հարցին` թե ինչպե՞ս է վերաբերվում հայերի ու ադրբեջանցիների բարեկամությանը, պատասխանեց. «Այդ տարիները կարծես հարազատ են: Կուզենամ, որ աշխարհում բոլորն ապրեն իբրև հարևաններ, թե չէ՝ չգիտես ինչո՞ւ մարդը քանդում է տարիներով ստեղծածը»: Նույն ֆիլմում ադրբեջանցի ամուսնու դերակարար Ռազմիկ Խոսրոևը մեկ նախադասություն կավելացներ ֆիլմին. «Անիծվի պատերազմը»:
Ֆիլմի ցուցադրությունը երևանյան կինոթատրոններում կլինի դեկտեմբերից: Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ևս երկու ֆիլմ կնկարի. «Մեկը երգիծանք է՝ նվիրված կաշառակերությանը, մյուսը կրկին հայ-ադրբեջանական հակամարտության մասին է: Կաշառակերության մասին ֆիլմում պապին հրեշտակը կյանք է տալիս, ով գալիս ու անարդարներին, կաշառակերներին թուրքի գլխարկով է տեսնում, մենք՝ սովորական: Նա գրգռվում է ու սկսում արկածների մեջ ընկնել»,-սցենարից մի փոքրիկ հատված գաղտնազերծեց Հակոբ Հակոբյանը:

ArmLife.am